Ռուսաստանի հայերի միությունը վարչապետի հրաժարական չի պահանջել, ոչ մի որոշում չի կայացրել․ Աբրամյանը շտապ ժամանել է Հայաստան

Ռուսաստանի հայերի միությունը վարչապետի հրաժարական չի պահանջել, ոչ մի որոշում չի կայացրել․ Աբրամյանը շտապ ժամանել է Հայաստան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եռօրյա այց է կատարել Հայաստան։ Նոյեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արա Աբրահամյանը մի շարք հանդիպումներ է ունեցել առանձին քաղաքական գործիչների հետ։ Նոյեմբերի 24-ին Երևանում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ կոնգրեսի և ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ստեղծված հետպատերազմյան իրավիճակի հետ կապված հարցեր։ Արդյունքում եկել են եզրահանգման, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, պետք է ընտրել նոր վարչապետ և ձևավորել ճգնաժամային կառավարություն, վարչապետ ընտրել այն քաղաքական առաջնորդին, որն ունի ճգնաժամից երկիրը դուրս բերելու հստակ տեսլական, այնուհետև մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ, վերացնել «սև-սպիտակ» տարանջատումները։

Իսկ ճգնաժամային շրջանի կառավարությունը կարող է ղեկավարել միայն այն առաջնորդը, որը ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլ նաև կներկայացնի յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետը (պատասխանատվություն կրելով հնարավոր ձախողման համար), ինչպես նաև, որ հատկապես կարևոր է, իրականացման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կլոր սեղան են կազմակերպել, քննարկել երկու հարց. «Ազգային շահերի շուրջ ազգային համախմբվածության հարց ենք դրել։ Երկրորդ հարցը եղել է՝ ինչպես օգնել փախստականներին տեղավորվել, ինչպես օգնել վիրավորների և զոհերի ընտանիքներին։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել, անդրադարձ եղել է, բայց որևէ որոշում դրա հետ կապված չեն կայացրել։ Հիմնական քննարկման առարկան եղել է ազգային շահի շուրջ համախմբումը։

Դիտարկմանը, թե ինչպես է Ռուսաստանի հայերի միությունը պահանջում վարչապետի հրաժարականը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարցազրույցում ըստ էության նշում է, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, ստացվում է՝ միությունը Մոսկվայի որոշմանը դեմ որոշում է կայացնո՞ւմ, Աղայանը նշեց. «Ով կլինի վարչապետ, նման խոսակցություն չի գնացել, հրապարակված հաղորդագրության մեջ էլ չեք կարող տեսնել նման բան, որ մենք թեկնածու ենք առաջադրում։ Մենք ոչ մի որոշում չենք կայացրել վարչապետի թեկնածուի հետ կապված»։

Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է արդյոք Արա Աբրահամյանը 16 կուսակցությունների հետ։ Աղայանը նշեց, որ հանդիպում եղել է առանձին կուսակցությունների ղեկավարների հետ։ Արա Աբրահամյանը եռօրյա այցի ընթացքում շատ հանդիպումներ է ունեցել։

Հարցին՝ նախկինում երբևէ համարձակ հայտարարություններով աչքի չընկնող միությունը ինչո՞ւ է որոշել այսպիսի հայտարարություններ անել, ՌՀՄ փոխնախագահը նշեց, որ կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել, իսկ վարչապետի թեկնածու ով կլինի, նման խոսակցություն չի եղել։

Նյութի աղբյուր – 1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան