Բիլ Գեյթսը կարծում է, որ գալիք 2021 թվականն ավելի լավը կլինի

Բիլ Գեյթսը կարծում է, որ գալիք 2021 թվականն ավելի լավը կլինի

2020 թվականը «կործանիչ» էր, սակայն գալիք 2021 թվականն ավելի լավը կլինի: Այս մասին իր բլոգում գրել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Միլիարդատերը հիշեցրել է, որ այդ տարի կորոնավիրուսի պանդեմիան ավելի քան 1,6 մլն մարդու կյանք է խլել եւ տրիլիոն դոլարի վնաս հասցրել համաշխարհային տնտեսությանը: Սակայն 2021 թվականին «լավ նորություններ կլինեն»՝ վստահություն է հայտնել Գեյթսը, գրում է Forbes-ը:

Նրա կարծիքով՝ ներքոնշյալը հիմքեր է տալիս հուսալու, որ լավ տարի կլինի.

Պատվաստանյութերի ստեղծում: «Դեռ երբեք մարդկությունը մեկ տարում նման խոշոր առաջընթացի չէր հասել ինչ-որ հիվանդության դեմ պայքարում, ինչպես եղավ այս տարի: Պատվաստանյութի մշակման համար նորմալ պայմաններում կպահանջվեր մինչեւ 10 տարի: Այժմ գիտնականներին հաջողվել է մեկ տարում կորոնավիրուսի դեմ միանգամից մի քանի պատվաստանյութ մշակել»,-հայտարարել է Գեյթսը:

Համագործակցությունը անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերի արտադրության համար: Երկրի բնակչության 70 տոկոսին պատվաստելու համար կպահանջվի 5-10 մլրդ դեղաչափ՝ գրում է Գեյթսը: Դա նշանակում է, որ համաշխարհային արտադրողական հզորությունները պետք է կրկնապատկվեն: Դրան հասնելու համար Գեյթսի հիմնադրամն օգնում է հարուստ երկրներից արտադրողներին համագործակցության հարցում:

Արդար բաշխում: Պատվաստանյութ պետք է ստանան բոլորը՝ նշում է Գեյթսը: Նրա խոսքով՝ 16 դեղագործական ընկերություններ արդեն պատասխանատվություն են ստանձնել հիմնադրամի հետ համատեղ ապահովելու պատվաստանյութերի նկատմամբ հասանելիությունը՝ գրում է միլիարդատերը:

Անվստահության դեմ պայքար: Գեյթսն ամբողջ աշխարհի առաջնորդներին կոչ է անում պարզաբանել պատվաստանյութերի անվտանգությունը: Նա նշում է, որ մարդկանց զգալի մասը չի վստահում պատվաստումներին: «Չի օգնում նաեւ այն, որ կան պատվաստանյութերի մասին կեղծ դավադրության տեսություններ, որոնցում հիշատակում են ինձ եւ Մելինդային:

Մենք շարունակում ենք պնդել, որ միակ պատճառը, ըստ որի մենք ֆինանսավորում ենք պատվաստանյութերի հետ աշխատանքը, կյանքեր փրկելու եւ բոլոր երեխաներին մեծանալու հնարավորություն ընձեռնելու ձգտումն է»,-գրում է միլիարդատերը: 

COVID-19-ի թեստերի բարելավում: «Եթե դուք երբեւէ հանձնել եք թեստերից մեկը, որի դեպքում նմուշառումն արվում է քթանցքից կամ բկանցքից, դուք գիտեք՝ որքան անհարմարություն են պատճառում դրանք եւ կարող են հազ առաջացնել կամ փռշտոց»,-գրում է Գեյթսը: Եթե հաջողվի, այդպիսի թեստերի իրականացմանը քիչ մնաց:

Նոր թեստերը թույլ են տալիս վերցնել քսուք քթից ոչ այնքան խորը եւ պարզել արդյունքը 15 րոպեից: «Այդ ոլորտում նորարարությունների տեմպերն իսկապես տպավորիչ են եւ օգտակար կլինեն բոլորի համար»,-նշում է միլիարդատերը:

Մտավախությունները, որ կորոնավիրուսն ավելի արագ կտարածվի աղքատ երկրներում, չի հաստատվել: Աֆրիկայի երկրների մեծամասնությունում ցուցանիշները մնում են անփոփոխ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի, նշում է Գեյթսը: Նա գտնում է, որ Աֆրիկայում ցածր ցուցանիշներից մեկը բնակիչների երիտասարդ լինելն է կամ փաստը, որ բազմաթիվ գյուղաբնակներ շատ ժամանակ են անցկացնում փողոցում, որտեղ վիրուսն ավելի դանդաղ է տարածվում:

Համաշխարհային համագործակցություն: «Ուրախ եմ հայտնել, որ օպտիմիստական կարծիքը, որ աշխարհը միավորվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, զգալի չափով հաստատվել է:

Մենք չեինք կարողանա ներկայիս արդյունքները գրանցել, եթե չլինեին կառավարությունները, ընկերություններն ու գիտնականները ամբողջ աշխարհից, որոնք աշխատում են՝ միմյանց հետ սերտ համագործակցելով»,-նշել է Գեյթսը: Նա հույս է հայտնել, որ աշխարհը հնարավորություն ունի ձեռնարկել կոնկրետ քայլեր նաեւ կլիմայի փոփոխության խնդիրը լուծելու համար:

«Կարծում եմ, որ մեկ տարի անց մենք կկարողանանք հետ նայել եւ ասել, որ 2021 թվականն ավելի լավն էր՝ ի տարբերություն 2020-ի: Բարելավումը կարող է եւ հսկայական չլինի, սակայն դա կլինի նկատելի, չափելի քայլ առաջ ամբողջ աշխարհում»,-իր ակնկալիքներն ամփոփել է միլիարդատերը:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան