Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
«Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Նյութի աղբյուր – tert.am