Ասկերանից Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Վերդյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, պսակադրվել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած, սակայն ռուս խաղաղապահների կողմից հսկվող Դադիվանքում: Պսակադրությունից NEWS.am-ին մանրամասներ հայտնեց Արամի ընկերը` Վլադիմիր Գրիգորյանը:
«Արամը պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը գտնվել է Մարտակերտի շրջանի պաշտպանական ուժերի կազմում, կինը Ասկերանից է, ով պատերազմի ընթացքում ընդգրկված է եղել թիկունքային աշխատանբներում:
Իրենք մինչեւ պատերազմը նշանված են եղել եւ մտադիր են եղել սեպտեմբերի վերջին պսակադրվել, սակայն պատերազմը սկսվեց.. այսօր որոշեցին, որ Դադիվանքում են պսակադրվելու: Մեկ շաբաթվա ընթացքում որոշակի աշխատանքններ իրականացվեցին ռուս խաղաղապահների հետ եւ իրականացվեց պսակադրությունը:
Ընդհանուր առմամբ 70 հոգի է մասնակցել պսակադրությանը: Հյուրերին ողջ ճանապարհին ուղեկցել են խաղաղապահները, տեղում եղել են խաղաղապահները ոչ մի միջադեպ չի եղել»,- ասաց նա:
Պսակադրությունը տեղի է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ձեռամբ, ով նաեւ տարեվերջյան պատարագ է մատուցել:
Իրինան եւ Արամը պսակադրությունից առաջ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտում հայ զինվորին շնոհակալություն հայտնող պաստառի մոտ:
Նյութի աղբյուր – news.am