ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ստեղծագործական բուռն շրջանում է: Դերասանուհին նկարահանվում է «Սիրո թևեր» հեռուստասերիալում, հասցրել է նկարահանվել նոր՝ «Կորած օրագիր» հեռուստադրամայում, իսկ փետրվարի 9-ից մոտ մեկ տարվա դադարից հետո կրկին կլինի թատրոնի բեմում: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ իր մասնակցությամբ նախորդ նախագծի ավարտից հետո դադար չի ունեցել, քանի որ դրա կարիքը չի զգացել:
«Մշակութային կյանքն այդ պահին կանգնած էր, մենք բոլորս անաշխատունակ: Ավելին ասեմ՝ հիմա բոլորս աշխատելու կարիք ունենք, որովհետև աշխատանքն օգնում է դուրս գալ տարբեր հոգեվիճակներից, ապրումներից: Այսպես նաև մարդկանց համար ինչ-որ ժամանցի տարբերակ ապահովելու հնարավորություն կա: Թատերական կյանքն այդ շրջանում ավարտված էր, բայց փետրվարից բեմ կվերադառնանք, աշխատանքներ ենք տանում նաև նոր ներկայացման համար:
Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը: Նրանք էլ մեզ են կարոտել, հուզիչ նամակներ են գրում: Բոլորիս թվում էր, թե նորմալ է, մենք խաղում ենք, մարդիկ գալիս են, դիտում ներկայացումը, հուզվում, ծափահարում, բայց ստացվեց այնպես, որ հասկացանք՝ դա կարող է նաև չլինել» ,- ասաց նա:
Դերասանուհու խոսքով՝ սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նկարահանվել է Առաջին ալիքի 16 մասանոց «Կորած օրագիրը» հեռուստադրամայում, որը Վարդգես Քալանթարյանի համանուն ստեղծագործության մոտիվներով է:
«Նկարահանումներն աշնանն իրականացրինք, բայց եթերում կլինի գարնանային եթերաշրջանում: Սովետական ժամանակաշրջանի գործը մեր ժամանակներին է համապատասխանեցրել Անահիտ Աղասարյանը, ռեժիսորը Հայկ Կբեյանն է։ Հիմնական դերասաններն են Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները, որովհետև պատմությունն աշակերտների մասին է:
Հաճելիորեն զարմացած եմ, աշխատել եմ խոստումնալից երիտասարդների հետ: Ցավոք, նրանցից մի քանիսն այդ օրերին պատերազմ գնացին: Ճիշտ է, բոլորը վերադարձել են, բայց ոմանք խնդիրներ ունեն»,- նշեց նա:
Լուիզան պատմեց, որ մարմանավորում է աշակերտուհիներից մեկի մայրիկին. «Ես ծնող եմ, ով սոցիալական ապահովության ոլորտի գլխավոր պատասխանատուներից մեկն է, պաշտոնյա է, աշխատավայրում խիստ է, որպես մայր՝ տանը մեղմ է: Ավագ սերնդի և երիտասարդների հարաբերություններն այսօր էլ խնդրահարույց են: Թե՛ մենք, թե՛ երեխաները շատ հարցերում պետք է վերանայենք մեզ, երիտասարդ սերունդը պիտի գնահատի շատ բաներ, որոնք տալիս է իրենց ավագ սերունդը:
Հետաքրքիր գործ է, ուսուցողական է: Ես մշտապես ասել եմ, որ լավ կլինի նման նախագծերը շատ լինեն: Օրեր առաջ ռուսական արտադրության սերիալներից մեկն էի դիտում, որն ամբողջությամբ ազգային արժեքների, պատմության պրոպագանդա էր»:
Խոսելով «Սիրո թևեր» հեռուստասերիալի մասին՝ Լուիզան նկատեց, որ ցանկություն ուներ ներկայանալ այլ կերպարում: «Կերպարս կենցաղային է, թեթևամիտ, նրա համար արժեքներն այլ են, ապրում է ոսկիների, ադամանդների համար, հետո հասկանում է, որ երջանկությունը ոչ թե այդ ամենի, այլ ընտանեկան սիրո, երեխաների ճիշտ դաստիարակության մեջ է:
Մենք ցույց ենք տալիս, որ ծնողի բացթողումների պատճառով երեխան կարող է այլ կերպ մեծանալ, փորձում ենք ներկայացնել նրբությունները,- ասաց նա և հավելեց, որ հեռուստասերիալում տարիների ընդմիջումից հետո ամուսիններ են խաղում դերասան Ալբերտ Սաֆարյանի հետ,- Ալբերտի հետ շատ հեշտ է, հրաշալի խաղընկեր և դերասան է: Երբեմն տրամաբանության սահմաններում իմպրովիզներ ենք անում, ինչը կարող ես թույլ տալ միայն լավ խաղընկերոջ դեպքում»:
Նյութի աղբյուր – tert.am/life/am