«Պետք է ձեռքդ զարկերակին պահես, որպեսզի հեռուստադիտողին չձանձրացնես». Ագնեսա Շահնազարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և տնօրենի աշխատանքի մասին

«Պետք է ձեռքդ զարկերակին պահես, որպեսզի հեռուստադիտողին չձանձրացնես». Ագնեսա Շահնազարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և տնօրենի աշխատանքի մասին

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն 10 տարուց ավելի է՝ նկարահանվում է հեռուստասերիալներում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ներկայիս զբաղվածության, սերիալային ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Նրա խոսքով՝ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ իր համագործակցությունը տարիների պատմություն ունի, միասին վաղուց են աշխատում, հիմա «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հանդես է գալիս որպես և՛ տնօրեն, և՛ դերասանուհի:

«Դեռ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ժամանակ Դիանա Գրիգորյանն ինձ հրավիրեց աշխատելու որպես տնօրեն: «Սարի աղջիկ» հեռուստասերիալը սկսելուց առաջ էլ Դիանան ասաց, որ որպես տնօրեն հանդես գամ: Ինչ վերաբերում է հերոսուհուս, շատ հետաքրքիր կերպար է, նման կերպար երբեք չեմ խաղացել: Նկարահանման առաջին օրերին բարդ էր կերպարիս՝ Լյուբային, գտնելը, բայց գտա նրան:

Իմ հերոսուհիները, հիմնականում, զգացմունքային կանայք են, ինքս էլ տեսակով էմոցիոնալ մարդ եմ, թեև յուրաքանչյուր կերպար իր առանձին էմոցիաներն է ունենում: Մեր թիմը շատ մեծ ոգևորությամբ է աշխատում, ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի շրջանակներում գնացել ենք Հայաստանի ամենագեղեցիկ վայրեր, նկարահանումներ ենք իրականացրել, որոնց կադրերը նայելով հիմա բերկրանք ենք ապրում: Եղանակային պայմանների պատճառով հիմա նման նկարահանումները քչացել են, երբ օրերը տաքանան, կվերսկսենք»,- ասաց նա:

Ագնեսան հանդես է գալիս հիմնականում բազմասերիանոց հեռուստասերիալներում: Հարցին, թե ինչո՞ւ կարճատև սերիալներում հանդես չի գալիս, պատասխանեց, որ առաջարկներ չեն եղել:

«Եթե 16 մասանոց որևէ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ լիներ, կերպարն ինձ դուր գար, կհամաձայնեի: Առաջարկները միշտ երկարաժամկետ նախագծերի համար են եղել, չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված,- ասաց նա և հավելեց, որ երկարաժամկետ հեռուստասերիալներում նկարահանվելը բարդ է, երբեմն կերպարդ հասնում է մի կետի, որից հետո դադարում է հետաքրքրություն առաջացնել,- Երբ դու պատասխանատվություն ես վերցնում, պետք է ձեռքդ անընդհատ զարկերակին պահես, որ հեռուստադիտողին չձանձրացնես, պրոդյուսերը նույնպես ձեռքը զարկերակին է պահում:

Եթե տեսնում է՝ կերպարը հետաքրքիր չէ, սցենարային այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ կարողանաս «մութ ամպերը ցրել»: Եկավ մի շրջան, երբ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում իմ կերպարն անելիք չուներ: Այդ ժամանակ սցենարով կերպարը գնաց երկրից և վերադարձավ սերիալի վերջում»:

Ագնեսայի սերիալային առաջին դերը եղել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում՝ ավելի քան 10 տարի առաջ: Նա նկատեց, որ այդ երկար տարիների ընթացքում ոլորտը շատ է փոխվել:

«Ճիշտ է, ես պրոֆեսիոնալ դերասանուհի էի, բայց տեսախցիկի հետ չէի աշխատել, առաջին անգամ աշխատել եմ հենց սերիալի նկարահանման հրապարակում: Ոլորտը մեծ առաջընթաց է ապրել, առաջ նույն ժամանակահատվածում կարող էինք նկարել, մեկ տեսարան, հիմա՝ երկու-երեքը:

Տարիներ առաջ ամեն ինչ շատ ավելի բարդ էր տրվում, չէինք էլ պատկերացնում, որ մի քանի տարի հետո այսքան առաջընթաց կլինի: Հիմա փոխվել են նաև հեռուստադիտողների պահանջները: Ամեն ինչ այնքան մատչելի է, որ կարողանում ենք համացանցում կարդալ, թե մեր մասին ինչ են գրում, դա օգնում է ուղղել սխալները՝ հաշվի առնելով կարծիքները»,- նշեց նա:

Խոսելով թատրոնի մասին՝ Ագնեսան ասաց, որ թատրոնները նորից չեն աշխատի, քանի որ համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է: «Թատրոնը բոլորովին այլ աշխարհ է, սարսափելի կարոտել եմ բեմը, ներկայացումները, սա մեր՝ դերասաններիս ամենացավալի կողմն է:

Նույնիսկ խաղալու համար անբարենպաստ օրերին միշտ խաղացել եմ, որովհետև բեմը բուժիչ հատկություն ունի: Երբ բեմ ես դուրս գալիս, աշխարհիկ կյանքում ես թողնում քո ապրումները, ներկայացումը սկսվելուց հետո էլ մոռանում ես ամեն ինչի մասին, նույնիսկ կարող ես ջերմել, բայց խաղալ»,- եզրափակեց դերասանուհին:

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան