Site icon ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Սիրելիս 18 տարեկան է, հրաշալի է, երբ կինդ քեզնից երիտասարդ է». դերասան Կարապետ Եղոյանի նշանդրեքը, սիրելիի սև զգեստի ընտրությունն ու տարիքային տարբերությունը

Ռեփեր Տիմատիի և երգչուհի Նազիմայի հայաստանում նկարահանված «Нельзя» տեսահոլովակից, «Երկուսով» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասան Կարապետ Եղոյանն օրերս նշանվել է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է նշանդրեքի մանրամասները և լուսանկարներ է տրամադրել արարողությունից:

Կարապետի խոսքով՝ ինքն ու ընտրյալը՝ Աննէն, պետք է նշանադրվեին դեռ պանդեմիայից ու պատերազմից առաջ, բայց հետաձգել են նշանադրությունը և որոշել, որ այն 2020 թվականին չի լինի:

«Մեր ուրախությունը, միևնույն է, լիարժեք չէր լինելու, բայց ուզում էինք գոնե մի փոքր այդ իրավիճակը մեղմացած լիներ: Քանի որ սիրում եմ 21 թիվը, իսկ այս տարվա հունվարի 21-ը 21-րդ դարի 21-րդ տարվա 21-րդ օրն էր, որոշեցինք հենց այդ օրն էլ նշանադրվել: Մեծ հույսեր եմ կապում այս տարվա, իմ ընտանիքի, մեր հայ ժողովրդի հետ կապված:

Ուզում էինք շատերին հրավիրել, բայց արարողությունը կայացավ շատ նեղ շրջանակում: Հիմա մեր առջև նոր նպատակ կա՝ նոր ընտանիքներ կազմել, երեխաներ ունենալ, զինվորներ տալ մեր երկրին, որովհետև երկիրը թողնել, գնալն ամենահեշտ տարբերակն է: Հուսով եմ՝ ամռանը՝ հուլիսին, կամուսնանանք, բայց չեմ ուզում առաջ ընկնել: Թե՛ ես, թե՛ Աննէն շատ ենք ուզում եկեղեցով ամուսնանալ ու ստանալ Աստծո օրհնությունը»,- ասաց նա:

Նշանադրության համար Կարապետի սիրելին սև զգեստ է ընտրել: Դերասանը զգեստը տեսել է արարողության օրը: «Աննէն պետք է ինչ-որ երեկոյան զգեստ ընտրեր, բայց շատ երկար էր ընտրում, մի օր զանգահարեց ու ասաց՝ գտել է: Խնդրեցի լուսանկարն ուղարկել, չուղարկեց, միայն ասաց, որ սև է: Առաջին անգամ զգեստը տեսա նշանադրության օրը: Ես էլ իմ հագուստը նրան ցույց չէի տվել: Մտածում էի՝ գուցե համահունչ չլինենք, բայց շատ գեղեցիկ ու համահունչ էր ստացվել:

Սև գույնով այլ դետալներ չկային, տորթը սպիտակ էր,- ասաց նա և հավելեց, որ մատանու ընտրությունը շատ հետաքրքիր է ստացվել,- Սկզբում այլ մատանի էի ընտրել: Երբ մայրս և եղբայրս տեսան, ասացին, որ դա նշանադրություն մատանի չէ, նորը գնեցինք նաև Աննէի ընտրությամբ: Հետաքրքիրն այն է, որ սիրելիիս ծնողներն իմ մատին ևս մատանի դրեցին, ինչն անսպասելի էր: Հաճույքով կրում եմ, մատանին լրիվ այլ պատասխանատվություն է, կարծես, սիրելիս անընդհատ կողքիս լինի: Տեղափոխվել եմ կյանքի այլ փուլ, իմ ունեցած պատասխանատվություններին գումարվել է ևս մեկը»:

Խոսելով իր և Աննէի ծանոթության մասին՝ Կարապետն ասաց. «Նրա հետ ծանոթացել եմ ռեփեր Տիմատիի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Ես նկարահանվում էի, Աննէն որպես պրակտիկանտ էր եկել: Փորձեցի խոսել իր հետ, բայց զգացի, որ շփվելու ցանկություն այնքան էլ չունի: Հետո ընկերներիցս մեկի միջոցով գտա նրան ու սկսվեց մեր շփումը:

Նրան անընդհատ հանդիպումների էի հրավիրում, բայց հրաժարվում էր, մի օր համաձայնեց՝ մտածելով, որ շատ է մերժել ինձ: Ամեն ինչ սահուն անցավ, կորցրել եմ սահմանը, թե երբ ծանոթներից դարձանք ընկերներ, ընկերներից՝ զույգ, զույգից՝ նշանված: Աննէն փոխեց իմ կյանքը» ,- նկատեց դերասանը:

Կարապետը նաև հայտնեց, որ ինքը սիրելիից մեծ է 11 տարի, Աննէն դեռ 18 տարեկան է: «Նշանվելուց հետո հասկացա, որ 2000 թվականից հետո ծնված մարդկանց հետ անհնար է: Կամ մենք ենք ժամանակից հետ ընկել, կամ իրենք են շատ առաջ: Աննէն բոլորովին այլ մտածելակերպ, աշխարհընկալում ունի, բայց փորձում ենք լրացնել միմյանց, ես էլ փորձում եմ նրանից հետ չմնալ, նրան փոխանցել իմ փորձը, որ ավելի հեշտ քայլի: Գուցե տարիներ հետո կյանքային բարդություններ լինեն, որ զգամ տարիքը խանգարում է, բայց հիմա դեռ չի խանգարում: Հրաշալի է, երբ կինդ քեզնից երիտասարդ է» ,- եզրափակեց նա

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Exit mobile version