«Տղերքը հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան». շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերային

«Տղերքը հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան». շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերային

«Հարսանիք թիկունքում». այս խորագիրը վաղուց լայն տարածում ունի հայկական իրականության մեջ: Համանուն պիեսը գրվեց և բեմադրվեց Ապրիլյան պատերազմից հետո:  Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ և որոշվեց այն էկրանավորել:

Ներկայացման էկրանավորումը պետք է լսարանին ներկայացվեր 2020 թվականի ապրիլի 2-ին, սակայն համավարակի պատճառով պրեմիերան հետաձգվեց: Այն ժամանակ հազիվ թե պատկերացնեինք, որ մինչև ֆիլմի պրեմիերան կտեսնենք մեծամասշտաբ պատերազմ ու ֆիլմը կդիտենք ավելի փոթորկված հույզերով:

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին ռեժիսոր Արշո Հարությունյանը ներկայացրեց «Հարսանիք թիկունքում» ֆիլմը, որի պրեմիերային ներկա էին մշակույթի և շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Սա համավարակից ու պատերազմից ի վեր ամենամեծ միջոցառումներից մեկն էր, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը:

Ֆիլմի առաջին դիտողներից շատերն արդեն տեսել էին ներկայացումը, սակայն ֆիլմն ունի իր արժեքը: Ներկայացման կենդանի շնչին ֆիլմում փոխարինում են «խոշոր պլանները», որոնք օբյեկտիվ պատճառներով թատրոնում բաց ենք թողնում:

Արշոն այս ֆիլմը նկարահանել է ներկայացման ձևաչափով. բացառությամբ մի քանի տեսարանի՝ իրադարձությունները ծավալվում են բեմում, սակայն ներկայացումը ներկայացում, ֆիլմը՝ ֆիլմ: Ռեժիսորը նկատում է, որ նկարահանողներն իրականացրել են ֆիլմի բոլոր օրենքներով: Սա էքսպերիմենտալ նախագիծ էր ռեժիսորի համար, որի առաջին գնահատողները դահլիճը լքեցին հուզված:

Ներկայացման դերասանական կազմը ֆիլմում չի փոխվել. խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը:

Պատերազմի մասին այս ֆիլմն ավելի շատ թիկունքում ապրող մարդկանց մասին է: Պատերազմը քաղաքներից հեռու է, բայց իր անդառնալի ազդեցությունն է ունենում քաղաքային կյանքի վրա:

Այս պատմությունը 2016-ին Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է, բայց դիտելիս շատ անուններ են գալիս աչքդ առաջ:

Պատմության առանցքային մասերից մեկը երկու ընկերների խոսակցությունն է, երբ պատերազմ գնալու մասին երբևէ չմտածած տղան ընկերոջը հարց է տալիս` սահմանը պահած տղաները հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան։ Խոսքի մեջ տրված հարցն այդպես էլ օդում կախված է մնում՝ իր պատասխանը գտնելով իրականության մեջ, երբ պատերազմ գնալու մասին երբևէ չմտածած տղան կամավոր մեկնում է սահման ու առանց երկար մտածելու ինքն է մղվում առաջնագիծ ու դառնում հերոս։

Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի ձեռագիրն այս նախագծում էլ ակնհայտ է. պիեսը համեմված է մեր կենցաղի իրական դրվագներով, իրար սիրելու ու իրար հետ թեժ վիճելու հայկականությամբ: Ֆիլմում մենք ենք՝ կենցաղային քաղաքական վերլուծություններով, ենթադրություններով, կտրուկ գնահատականներով:

Ֆիլմի եզրափակիչ հատվածն այսօր ավելի քան արդիական է. այն ավարտվում է ռազմի դաշտում մտերիմ ընկերոջը կորցրած ու տուն վերադարձած կամավորի խոսքով. «Մենք կոտրվելու իրավունք չունենք. Զոհված տղերքը պահանջում են, որ մենք ապրենք»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան