«Ավելի ինքնավստահ եմ դարձել»․ «Շիրազի Վարդից» Էլեն Սարգսյանը՝ հայտնի դառնալուց հետո փոփոխությունների և նոր հետաքրքրության մասին

«Ավելի ինքնավստահ եմ դարձել»․ «Շիրազի Վարդից» Էլեն Սարգսյանը՝ հայտնի դառնալուց հետո փոփոխությունների և նոր հետաքրքրության մասին

Դերասանուհի Էլեն Սարգսյանի մասնակցությամբ «Արմենիա TV»-ի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն ավարտվել է: Այն առաջին երկարաժամկետ նախագիծն էր, որում երիտասարդ դերասանուհին ընդգրկված էր:

Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է իր ապրումների և ներկայիս զբաղվածության մասին: Դերասանուհու խոսքով՝ կկարոտի կերպարը, բայց առաջին հերթին կկարոտի մարդկանց, որոնց հետ աշխատել է:

«Միասին անցկացրած լավ օրերն ու նկարահանման ընթացքը շատ կկարոտեմ: Թիմի հետ աշխատելիս հաճույք եմ ստացել: Այդ ընթացքը ուրախությամբ ու կարոտով կհիշեմ:

Նախագծի ընթացքում ձեռք եմ բերել ընկերներ, որոնք կյանքի համար են: Խաղընկերներիցս Հռիփսիմե Սարգսյանի, Դավիթ Աֆրիկյանի, Սիսիան Սեփանյանի, Դավիթ Մարդյանի հետ շատ եմ մտերմացել, մեր հետաքրքրությունները համընկել են, նրանք պահի ընկերներ չէին»,- ասաց նա։

Ըստ Էլենի՝ նախագիծը շատ է օգնել իրեն որպես դերասանուհի կայացման գործում:

«Իմ մասնակցությամբ առաջին երկարաժամկետ նախագիծն էր, որն ինձ տվեց փորձ. մեկ տարի իմ մասնագիտության մեջ եմ եղել, նոր բաներ սովորել, խաղս շտկել: Մեր թիմի յուրաքանչյուր անդամից ինչ-որ բան սովորել եմ: Մի բան է երկու ամիս նկարահանվել, այլ բան է՝ մեկ տարի: Ճիշտ է, բավականին հոգնած եմ, որովհետև առաջին անգամ էի այդքան ծանրաբեռնված աշխատում, բայց արդեն ինչ-որ բանի պակաս եմ զգում: Կարող եմ ասել, որ նախագիծն ինձ միայն տվել է ինչ–որ բան, երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան խլել է ինձնից:

Ինձ տվել է աշխատանք, ընկերներ, փորձ: Ես զբաղվում էի իմ սիրելի գործով, ինչն այս կյանքում ամենակարևորն է: Նկարահանումների վերջին ամսում շատ էի սպասում այս դադարին, որպեսզի հանգստանամ: Հիմա չգիտեմ՝ իմ դադարը որքան կտևի, բայց այն ինձ դեռ դուր է գալիս:

Աշխատանքային որևէ զբաղվածություն այս պահին չունեմ, առաջարկներ՝ ևս: Երբ նկարահանվելու առաջարկներ լինեն, կհասկանամ՝ նկարահանվե՞մ, թե՞ որոշ ժամանակ շարունակեմ դադարը: Դեռ ուզում եմ որպես դերասանուհի ներկայանալ, բայց չգիտեմ՝ հետո ինչպես կլինի: Երևի փոփոխական մարդ եմ, համենայն դեպս, ինձ շատ են դա ասում»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ հիմա իրեն փողոցում տեսնում են, ճանաչում են, լուսանկարվում, զրուցում իր հետ, ինչը շատ հաճելի է, բայց իր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխել:

«Ինձ մոտ հանրային մարդ դառնալը միանգամից չի եղել, ես դրան փուլերով եմ եկել՝ քայլ առ քայլ: Ինձ ինչ-որ հարցերում ինձ չեմ սահմանափակում՝ մտածելով, թե հնարավոր է կողքից տեսնեն։ Դա շատ կարևոր է: Ինձ համար ոչինչ չի փոխվել բացի այն հանգամանքը, որ դրսում ինձ ճանաչում են, նաև մի փոքր ներքին ինքնավստահությունս է ավելացել:

Երբ մարդիկ գնահատում են աշխատանքս, դա որպես նշան եմ ընդունում, որ ճիշտ գծի վրա եմ: Ինքնավստահություն եմ ձեռք բերում, որ մյուս նախագիծն ավելի համարձակ սկսեմ: Երբ ընդունում եմ նկարահանվելու առաջարկը կամ քասթինգի եմ մասնակցում և հաստատվում որևէ դերի համար, սկսում եմ մտածել՝ ինչպե՞ս հաջորդ քայլս ճիշտ անեմ: Երբ նախագծերը հաջողվում են, ներքին երկմտանքներս քչանում են: Ուրախ եմ, որ մասնացել եմ «Շիրազի Վարդը» նախագծին և մարդիկ ինձ հիմա ասոցացնում են այդ նախագծի հետ»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ դադարի այս շրջանում ազատ ժամանակը զուր չի անցկացնի. պատմեց, որ ուզում է ինքնազարգացմամբ և ինքնակրթությամբ զբաղվել: «Վաղուց էի ցանկանում յոգայի գնալ, բայց չգիտեմ՝ զբաղվածությո՞ւնը, թե՞ ալարկոտությունը խանգարում էին: Յոգան շատ կարևոր է շնչառության, ներքին ներդաշնակության համար, ինձ շատ հետաքրքիր է: Հիմա 1 ամսվա դասընթացների համար փաթեթ եմ նվեր ստացել, կարելի է ասել, ստիպված եմ գնալ, հետո արդեն կշարունակեմ»,- ընդգծեց նա:

Էլենը նաև ասաց, որ ժամանակի մի մասն օգտագործելու է ժամանցի՝ ֆիլմեր ու սերիալներ դիտելու համար: «Ուզում եմ ինչքան հնարավոր է շատ ֆիլմեր ու սերիալներ դիտել: Վերջերս «Почему женщины убивают» սերիալն եմ դիտել, որի սյուժեն շատ հետաքրքիր էր, խորհուրդ եմ տալիս դիտել:

Առհասարակ, նախընտրած ժանրեր չունեմ, բայց հազվադեպ եմ ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմեր դիտում: Վերջին շրջանում նաև «The Gentlemen» ֆիլմն եմ դիտել, որը ևս շատ եմ հավանել: Մի այսպիսի բնավորություն ունեմ. ֆիլմը միշտ մինչև վերջ եմ դիտում, եթե նույնիսկ սկիզբն ինձ դուր չի գալիս, դա գալիս է համալսարանական տարիներից:

Մեր դասախոսներից Վալերի Գասպարյանն ասում էր, որ ֆիլմն անպայման պետք է դիտել մինչև վերջ, որպես մասնագետ, իրավունք չունենք մինչև վերջ չդիտել ու չհավանել» ,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան