«Ես շատ խանդոտ եմ». Մաշ Իսրայելյանի և նշանածի սիրո պատմությունը նրա նոր տեսահոլովակում

«Ես շատ խանդոտ եմ». Մաշ Իսրայելյանի և նշանածի սիրո պատմությունը նրա նոր տեսահոլովակում

Երգչուհի Մաշ Իսրայելյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա հայտնեց, որ վաղը՝ իր 24-ամյակի օրը, նախատեսում են «Առաջին ու վերջին» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Երգի հեղինակն Արման Անտոնյանն է, այն իմ ու նշանածիս՝ Գարիկի սիրո մասին է: Սկզբում մի քանի երաժշտություն կար, դեռ չէր որոշվել՝ երգն ինչի մասին պետք է լինի, ես ընտրեցի այս մեկն ու խնդրեցի Արմանին՝ այս անգամ խոսքեր գրել գտնված սիրո մասին, քանի որ նախորդ երգս՝ «Միայն դու ես մեղավոր»–ը, կորցրած սիրո մասին էր: Արմանը գրեց, ուղարկեց բառերն ու ասաց՝ մեր մասին է:

Կարդացի և մարմինս փշաքաղվեց, շոկի մեջ էի, Արմանը մեզ շատ համապատասխան բառեր էր գրել, որովհետև նաև իմ ու Գարիկի ընկերն է և տեղյակ է՝ ինչ ճանապարհ ենք անցել, երգում ասվում է, որ ես ու Գարիկն անցել ենք քարոտ ճանապարհ: Այս աշխատանքը տարբերվում է, հուսով եմ՝ կսիրվի մարդկանց կողմից»-, ասաց նա:

Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարի 7-ին: «Ճիշտ է, արևոտ եղանակ էր, բայց բավականին ցուրտ էր, իմ թիմն ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս քիչ մրսեմ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ ու լավ աշխատանքի համար: Քանի որ այս տեսահոլովակը մեր մասին է, ռեժիսորը թե՛ ես, թե՛ Գարիկն ենք, նկարահանումն իրականացրել է Դավիթ Ավագյանը: Հոլովակում նաև սյուժետային գիծ կա, փորձել ենք ստանալ անկեղծ, իրական պատմություն:

Ես իրականում շատ խանդոտ եմ, դա նույնպես ցույց ենք տվել, հումորային գիծ ևս կա: Կադրերն այնքան շատ են, որ երգի տևողությունը չի բավականացնում: Շատ կադրեր ստիպված ենք չներառել տեսահոլովակում, փորձել ենք համառոտ, բայց գեղեցիկ ներկայացնել մեր պատմությունը»,- նշեց նա:

Տեսահոլովակի գլխավոր հերոսները Մաշն ու Գարիկն են: «Գարիկն իմ տեսահոլովակներից մի քանիսում ևս նկարահանվել էր, որոշել էինք, որ այլևս չի նկարահանվի, բայց քանի որ երգը մեր մասին էր, փոխեցինք որոշումը:

Կարծում եմ՝ հաջորդ մի քանի տեսահոլովակում նա չի նկարահանվի,- ասաց երգչուհին և հավելեց, որ նշանածի հետ աշխատելը շատ հեշտ է ստացվել,- Ամեն ինչ ավելի հեշտ անցավ, որովհետև Գարիկի հետ իրական եմ: Նախկինում, երբ այլ դերասանների հետ էի նկարահանվում, իսկ Գարիկը կողքից էր մեզ նայում, ինձ ավելի լարված էի զգում»:

Մաշը նաև անդրադարձավ օրեր առաջ Գարիկի անակնկալ ամուսնության առաջարկությանը, որի մասին Tert.am Life-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Նա շեշտեց, որ մտածում էր՝ Գարիկն այս տեսահոլովակի պրեմիերայի և իր ծննդյան օրն առաջարկություն կանի:

«Երևի նա նկատել է, որ մտածում եմ այդ մասին, փոխել է առաջարկության օրը այդ պահն ինձ համար անսպասելի դարձնելու համար»:

Վերջում երգչուհին ասաց, որ ծննդյան օրը տոնել չի պատրաստվում, վերջին շրջանում զգացմունքաշատ օրեր է ունեցել, թեև չգիտի, գուցե, սիրելին ինչ-որ անակնկալ մատուցի:

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան