«Թեման շատ տաք ու զգացմունքային է»․ Անդրանիկ Խաչատրյանը՝ Ելենա Արշակյանի նոր սերիալում գերու դերի և հոգեբանական բարդ տեսարանների մասին

«Թեման շատ տաք ու զգացմունքային է»․ Անդրանիկ Խաչատրյանը՝ Ելենա Արշակյանի նոր սերիալում գերու դերի և հոգեբանական բարդ տեսարանների մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի մասին, որն անդրադառնում է հայկական իրականության համար շատ նուրբ թեմայի․ պատմությունն Արցախյան առաջին պատերազմի միջոցով անցած «Մասիվի ջոկատի» տղաների մասին է, որոնցից 3 ընկեր են ողջ մնացել։ Նրանցից մեկը 1994–ին հայտնվել է գերության մեջ և հիմա վերադարձել Հայաստան։ Գերության մեջ հայտնված և տարիներ անց հայրենիք վերադարձած հերոսին մարմնավորում է դերասան Անդրանիկ Խաչատրյանը։

Tert.am Life–ը նրա հետ զրուցել է նոր կերպարի և հոգեբանական բարդ տեսարանների մասին։

«Երբ Ելենա Արշակյանի կողմից առաջարկ ստացա և սկսեցինք խոսել եղելության, ֆիլմի մասին, զգացմունքային բարդ իրավիճակում էի հայտնվել։ Կերպարս գերի է ընկել 1994 թվականին, գերությունից  ազատվելու համար մի քանի անգամ փորձել է փախուստի դիմել, չի ստացվել, բայց այս անգամ բախտը ժպտում է։ Հավատով ու հույսով սպասում է, որ հասնի հայրենիք, որտեղ կիսատ թողած գործեր ունի»,– պատմեց դերասանն ու նկատեց, որ թեման շատ նուրբ է։

Մի կողմից այս թեմայով հանրությանը կարելի է հուզել, մյուս կողմից՝ մեծ է պատասխանատվությունը։ Դերասանը շեշտեց, որ ունեն «կարմիր գծեր», որոնք չեն անցնում։

«Թեման մեր հոգուն շատ մոտ է։ Հանձն ենք առել ներկայացնել այս պատմությունը, և դա մի քիչ դժվար է լինելու, բայց կհաղթահարենք, որովհետև այս ամենը  բխում է մեր սրտերից և հոգիներից, պարփակված է մեր մեջ․ մենք այս ամենի կրողն ենք։

Թեման շատ տաք ու զգացմունքային է։ Որպես դերասան՝ ինչ–որ կերպ կկարողանամ չանցնել այն սահմանը, որը մարդկանց ցավ կպատճառի։ Փորձելու ենք ներկայացնել այն իրավիճակը, որ մարդը գերի լինելով էլ չի դադարում երազել, հույս ունենալ, հավատալ․ մեծագույն հավատով սպասում է իր վերադարձին»,– ասաց նա։

Եղել են տեսարաններ, որոնք դերասանից ֆիզիկական պատրաստվածություն են պահանջել․ օրինակ, տեսարաններից մեկում պետք էր գետն անցնել։ Առավել բարդ են եղել, սակայն, հոգեբանական տեսարանները։ Անդրանիկը պատմեց, որ հոգեբանորեն բարդ տեսարաններ են եղել տարիներ անց մայրիկի, մարտական ընկերների հետ հանդիպումները։

«Պիտի շեշտեմ, որ այս ամենը շատ նուրբ է կարված թե՛ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի, թե՛ ռեժիսոր Ելենա Արշակյանի, թե՛ ստեղծագործական թիմի մյուս անդամների կողմից, որպեսզի հանկարծ չանցնենք անթույլատրելիության գիծը»,– ընդգծեց նա։

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան