Կախված է իրավիճակից, ժողովրդից․ Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի պաշտոնին հավակնելու մասին (տեսանյութ)

Կախված է իրավիճակից, ժողովրդից․ Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի պաշտոնին հավակնելու մասին (տեսանյութ)

Կհավակնի՞ վարչապետի պաշտոնին, թե ոչ, կախված է ընտրություններից, իրավիճակից, ժողովրդից․ այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

«Ցանկություն չունեմ, որ ես պետք է լինեմ, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ գոնե ժամանակավոր այս իրավիճակից դուրս գալու համար, կարող ենք մտածել։ Բայց դա իմ կյանքի նպատակը չէ։

Այսօր մենք մասնագետի, կազմակերպչի, ոլորտի պատասխանատուի խնդիր ունենք, չպետք է հաշվի առնել՝ քո կուսակցությունից է, քո հարևանն է, ծանոթն է։ Ամեն ոլորտի համար թեկնածուները 10-20 պետք է լինեն, կուսակցությունը չէ կարևոր, այլ մարդու փորձը, գիտելիքը և իր աշխատած ժամանակահատվածի արդյունքը»,-ասել է նա՝ անդրադառնալով նաև իր պատկերացրած կառավարության կազմին։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» գործունեությանը՝ Ծառուկյանը նշել է, թե փետրվարի 20-ի հանրահավաքը հերթականն է։

«Ավարտ չի կարող է լինել, դա միշտ շարունակվելու է, քննարկելու ենք, թե հետո ինչ ենք անելու, որն է ճիշտ։ Կարևորը՝ մեր ժողովրդի մեջ բախումներ չլինեն։ Ամենակարևորը՝ չպետք է մեր ժողովրդին բաժանենք «սևերի» ու «սպիտակների», բոլորն էլ մեր ժողովուրդն են, բոլորն էլ ուզում են լավ ապրել, այսօր մարդը պետք է ընտրի նրան, ում հետ հույս է կապում։

Քաղաքական գործիչն այնքան հզոր ու մեծ պետք է լինի, որ կարողանա ճիշտ ներկայացնել ծրագրերը, ոչ թե այսօր ասել, վաղը չիրականացնել»,-ասաց նա, ապա հավելեց,-Որպես քաղաքական գործիչ՝ այս տարիների ընթացքում չի եղել մի բան, որ հանդիպումների, ընտրությունների ընթացքում ժողովրդին խոսք եմ տվել, ասել եմ և դա չեմ կատարել։ Ինչն իմ ուժի, հնարավորությունների սահմաններում է, կարող եմ անել, մի բան էլ պակաս եմ ասում»։

Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակում է պահանջել գործող իշխանության հրաժարականը։ «Ես դեռ 2020-ի հունիսի 5-ին եմ ասել, որ պետք է իշխանափոխություն լինի, որոշողը ժողովուրդն է, ես ապստամբություն չեմ անելու։

Մենք ներկայացնում ենք, ժողովուրդն էլ օրեցօր իր մաշկին զգում է, կյանքում զգում է, դանակը հասնում է ոսկորին, ու փոփոխությունն ստացվում է։ Ես բախումներին դեմ եմ։ Կարող է ընտրության կարգով լինել, և ժողովուրդը կորոշի՝ ում է հավատում, ում հետ է հույս կապում և ով կարող է այս վիճակից հանել»,-նշել է նա։

Ծառուկյանը տեսակետ է հայտնել, որ իշխանությունը հրաժարվել է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև իրենք ասել են՝ մինչև իշխանությունը հրաժարական չտա, վերջինիս հետ այդ հարցով քննարկում չեն անելու։

Ծառուկյանի խոսքով՝ այսօր ամենակարևոր խնդիրը պետության զարգացումն ու հզորացումն է։

«Այսօր մենք պետք է հզորանանք, հիմքի քարը դնենք․ հզոր պետությունն է քննարկումների, հանդիպումների ժամանակ թելադրող լինում, թույլը անում է այնպես, ինչպես ասում են։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը թույլ վիճակում ինչ-որ զիջումների գնա։

Մենք առաջին հերթին պետք է հզորանանք, որ բանակցություններին նստենք, ինչպես հավասարը հավասարի հետ։ Մենք պետք է արժանապատիվ բանակցենք։ Այսօր մենք ունենք մի փոքր պետություն, Չինաստանի մի գյուղը ունի 2 մլն բնակչություն, մենք էլ ենք այդքան։ Մեզ պետք է ճիշտ դիվանագիտական աշխատանք, վստահություն, փորձառություն։ Կյանքը շարունակվում է, մեզ պետք է ճիշտ կազմակերպել և զարգանալ։ Ոչ մի բան չի ավարտվել, ամեն ինչ առջևում է»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան