«Քննադատություններից չեմ վախենում». Անի Լուպեի նոր ֆոտոշարքը և ոճի փոփոխությունը

«Քննադատություններից չեմ վախենում». Անի Լուպեի նոր ֆոտոշարքը և ոճի փոփոխությունը

Դերասանուհի Անի Լուպեն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով: Նա ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել համարձակ լուսանկարների ու ամեն անգամ նոր ոճով ներկայանալու մասին:

Անիի խոսքով՝ փորձում է հաճախ ֆոտոշարքեր կազմակերպել, որովհետև սիրում է: «Այս ֆոտոշարքի առաջարկը ստուդիայից ստացա, բայց ֆոտոշարքի ոճն ինքս եմ ընտրել: Ֆոտոշարքերումս, հիմնականում, գանգուր մազերով եմ ներկայանում, այս անգամ որոշեցի ուղիղ մազերով և երկար հյուսքով նկարվել, որպեսզի նորություն լինի:

Ոճային փոփոխություններից չեմ վախենում, նույն ոճով ֆոտաշարքեր չեմ սիրում: Ստվերների էֆեկտով ևս առաջին անգամ եմ լուսանկարվել, շատ հետաքրքիր էր: Մի քանի նոր ֆոտոշարք էլ հիմա եմ նախապատրաստում, բայց ուզում եմ դրանք սցենար ունենան, շարունակական կերպարով լինեն»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ ամեն լուսանկար չէ, որ ասելիք ունի. «Ունեմ լուսանկարներ, որոնք ասելիք ունեն, ունեմ նաև նկարներ, որոնք ուղղակի ստացվում են, կախված է տրամադրությունից: Այս ֆոտոշարքը թեթև, դինամիկ է ստացվել, բայց այդ պահին հոգեվիճակս լրիվ այլ էր, թեթև չէր, ուղղակի լուսանկարվելն ինձ օգնում է, որպեսզի ցրվեմ:

Առհասարակ, տրամադրության անկումներս կարող են բալանսավորել հենց ֆոտոշարքերը: Թեև որքան էլ փորձում ես ցրել մտքերդ, վերադառնում ես դրանց, այս շրջանում այլ կերպ չի ստացվում»:

Անկախ քննարկումներից՝ Անին ընդգծեց, որ չի կարծում, թե ֆոտոշարքը կիսամերկ է: «Երբ ամռանը կամ հարսանիքներին աղջիկները մեջքի հատվածը գեղեցիկ բաց զգեստներ են կրում, չեն քննադատվում, բայց երբ դա լուսանկարում է լինում, գուցե, այլ կերպ է դիտվում: Ես տեղադրում եմ լուսանկարներ և տեսնում, որ վատ արձագանքներ չկան, բայց ֆեյք կայքեր գրում են՝ իբր մերկ եմ:

Ես դեմ չեմ, որ ամեն բան ստանա իր գնահատականը, բայց ոչ նման դեպքերում: Այս լուսանկարներում մեջքս է բաց, բայց կիսամերկ չէ, թեև եթե անունը կիսամերկ է, թող այդպես լինի: Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, կարող են արտահայտել, ես դեմ չեմ և չեմ նեղսրտում, քննադատություններից չեմ վախենում»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք ինքը համարձա՞կ է, դերասանուհին պատասխանեց. «Անկեղծ, չգիտեմ՝ բնավորությամբ համարձա՞կ եմ, թե՞ ոչ: Լինում է՝ ինչ-որ բան եմ անում, դիմացինին թվում է՝ համարձակ է, բայց ինձ համարձակ չի թվում, կարծում եմ՝ կողքից պետք է ասեն այդպե՞ս է, թե՞ ոչ»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան