Պարուհի Սոնա Եսայանն առաջիկայում կներկայացնի իր երգը։ Սոնան զուգերգով է ներկայացել երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի հետ։ Ասում է՝ սա իր համար նոր հնարավորություն է զարգացնելու պարային իր կարիերան և նոր շունչ տալու դրան։ Այս մասին առաջին հարցազրույցը Սոնան վստահել է Tert.am Life-ին։
«Առաջին անգամ չէ, որ երգում եմ։ «Երեկոն Շանթում Գրիգի հետ», «Երգիր, թե կարող ես» հեռուստանախագծերի ժամանակ էլ երգել եմ, իսկ 2016 թվականին տեսահոլովակով ներկայացրեցի «Լա լա լենդի» հայկական տարբերակը, որտեղ ևս ես եմ երգում։ Երգելն ինձ համար նորություն չէ, ինձ մոտ ստացվում է, մասնագետներն էլ հավաստիացրեցին, որ կարող եմ երգել, որովհետև լավ ձայն ունեմ։ Հասկացա, որ կարող եմ միքսել երգն ու պարը և թույն բան ստանալ»,– ասաց Սոնան։
Նա շեշտեց, որ ոչ թե երգչուհու անհատական կարիերա է սկսում, այլ օգտագործում է երգելու հնարավորությունը իր պարին նոր շունչ տալու համար։
«Այսօր երգելը, ինչու չէ, կարելի է համարել տրենդ։ Ովքեր ձայն ունեն, երգում են՝ լինեն բլոգերներ, թե այլ մասնագիտության տեր մարդիկ։ Օրինակ Մոնատիկը, որը պարող–երգիչ է, Դավան, որը բլոգեր–երգիչ է։ Ես Հայաստանում բերում եմ պարային նոր որակ, բայց երգի առումով նոր որակ չեմ բերում, որովհետև երգի ասպարեզում շատ լավ օրինակներ ունենք Հայաստանում։ Ես երբեք չեմ փորձի համեմատվել երգիչ-երգչուհիների հետ, որովհետև իմ անելիքն այլ է։ Ես ուզում եմ ստանալ պարային նոր որակ, նոր մոտեցում տալ պարիս, որովհետև տեսահոլովակներն էլ լինելու են պարային»,– ասաց Սոնան։
Պարուհին ևս մի անգամ շեշտեց, որ ինքը երգչուհի չէ, պարուհի է, որը հետաքրքիր մոտեցում է տվել իր մասնագիտությանը․ «Ես կկարողանամ ոչ միայն մարմնով, այլև բառերով պատմել իմ պարի մասին։ Իմ տեքստերը լինելու են պարի մասին։
Ամեն ինչ պտտվելու է պարի շուրջ։ Այդպիսի օրինակներն աշխարհում շատ–շատ են։ Մոնատիկը վառ օրինակ է, որն այսօր մեծ պահանջարկ ունի։ Եթե ես էլ եմ կարողանում լավ պարել, ունեմ մեծ ստուդիա, աշակերտներ, պահանջված եմ, կարողանում եմ երգել, ուրեմն կարող եմ միքսել և օգտվել իմ առավելություններից, ոչ թե հրաժարվել դրանցից, որովհետև Հայաստանում դա չեն ընդունում։ Ես տարօրինակ բան չեմ անում, պարզապես Հայաստանում նոր բան եմ անում»։

Սոնան նկատեց, որ ժամանակակից աշխարհում մեկ մասնագիտությամբ բավարարվելը քիչ է։ «Ես պարուհի եմ, թարգմանչուհի եմ ու որոշել եմ իմ երրորդ առավելությունն էլ ի հայտ բերել հանրությանը։ Այդպիսով պարային նոր որակ կմտցնեմ հայկական շուկայում։
Մի բան, որ դրսում անում են շատ հայտնի ու պրոֆեսիոնալ մարդիկ,– ասաց նա ու հավելեց, որ այս ամենը չի անում գումարի համար,– Այնքան գոհ եմ ես ինձնից, որ երբեք ոչինչ չեմ արել գումարի համար։ Ինձ մոտ դա ստացվել է, գումարը երկրորդական–երրորդական պլանում է եղել միշտ։ Այս դեպքում էլ է այդպես»։
Նոր ուղղության մեջ Սոնային մեծ աջակցություն է ցուցաբերում ամուսինը՝ շոումեն Գրիգ Գևորգյանը․ «Գրիգը միշտ է իմ կողքին՝ լինի խոհանոցում մի բան պատրաստել, թե մեծ նախագիծ։ Իմ չափ մտածում է, տանջվում, հուզվում, ուրախանում, ինչպես միշտ։ Երգի տեքստն էլ ենք միասին գրել։ Երեքով ենք գրել՝ ես Գրիգը ու մեր սցենարիստ Արմենը»։
Առաջիկայում Սոնան և Գոռը տեսահոլովակ կնկարահանեն, մինչև այդ Սոնան հրապարակել է երգի սնիպեդը։ Ասում է՝ իր շուրջը միայն դրական արձագանքներ են եղել։

«Դեռևս բացասական արձագանքներ չի լսել, համենայն դեպս, իմ էջում ինչ կատարվում է երգի շուրջ, շատ դրական է,– ասաց նա ու հավելեց, որ քննադատությանն էլ շատ լավ է վերաբերում, եթե այն առողջ է, ոչ թե ատելության խոսքի դրսևորում։ –Առողջ քննադատություններին միայն կողմ եմ, որովհետև դա շտկում է և որակ տալիս։
Դրա շնորհիվ կամաց–կամաց աշխատանքդ կարող է դառնալ անթերի, չեմ վախենա այդ բառից։ Սակայն ոչ մտածված, ցենզուրայից դուրս մեկնաբանություններն ուղղակի կարելի է հաշվի չառնել։ Դրանք արտիստի կյանքի որակը գցում են։ Ես տարիներ առաջ անցել եմ դրա միջով, հիմա արդեն շատ կոփված եմ։ Արտիստը պետք է ունենա և՛ սիրողներ, և՛ չսիրողներ, որպեսզի իրենց հակակշռի հաշվին ստեղծի նոր բան։ Դա նորմալ է»։
Սոնային հաճախ մեղադրում են երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին նմանվելու համար։ Երգելը նոր թափ է տալիս այս քննարկումներին։ «Եթե մեծամասնությունն ինչ-որ բան է քննարկում, ինչ-որ բան է ինքն իրեն համոզում, դա չի նշանակում, որ ճիշտ է։ Եթե մեծամասնության կարծիքով առաջնորդվեինք, առհասարակ, աշխարհում շատ բան թերի կլիներ։ Հայաստանում այսպես է․ եթե ինչ–որ մեկի մազերը երկար է, մյուսինն էլ, մտածում են՝ նմանակում է։
Ամենակարևորը՝ ոչ ես, ոչ Լիլիթը մեզ իրար չենք նմանեցնում, մեր գործերը շատ տարբեր են։ Ես հիմա երգում եմ լրիվ այլ ոճով, Լիլիթը՝ այլ։ Մենք մեզ իրար չենք նմանեցնում ու այս դեպքում մեծամասնության կարծիքի հետ համամիտ չենք ո՛չ ես, ո՛չ Լիլիթը»,– պատասխանեց Սոնան։
Նյութի աղբյուր – tert.am/life