Հայերս մտածում ենք, որ ամենալավն ենք, բայց երբ եկա ու տեսա եվրոպացի համակուրսեցիներիս, շոկ էի ապրել․ Էվիկը՝ Գերմանիայում բնակության, բժշկության, բլոգերության և անձնական կյանքի մասին

Հայերս մտածում ենք, որ ամենալավն ենք, բայց երբ եկա ու տեսա եվրոպացի համակուրսեցիներիս, շոկ էի ապրել․ Էվիկը՝ Գերմանիայում բնակության, բժշկության, բլոգերության և անձնական կյանքի մասին

Բժիշկ և բլոգգեր Էվելինա Խանոյանը կամ ինչպես իր լսարանին է հայտնի՝ Էվիկը մի քանի տարի է ինչ ապրում է Գերմանիայում, որտեղ շարունակել է ուսումը բժշկության ոլորտում։ Նա մեկնել արտերկիր մագիստրոսի կոչում ստանալու նպատակով, բայց այժմ հայկական լսարանին հայտնի տիկտոկեր է։ Тert.am Life-ի հետ զրույցում Էվելինան խոսեց արտերկրում ունեցած դժվարությունների, բարդ փուլերի, բլոգերության, հետագա ծրագրերի և անձնական կյանքի մասին։

«Այս պահի դրությամբ չեմ սովորում, բայց բժշկության ոլորտում միշտ սովորելու տեղ կա, և հետագայում ցանկանում եմ շարունակել՝ մասնագիտանալով մաշկաբանության ոլորտում:РЕКЛАМА

Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, ապա Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստացած Էվելինայի խոսքով՝ կրթությունը Գերմանիայում և Հայաստանում որակապես շատ է տարբերվում։

«Շատ թեմաների շրջանակներում մեզ մոտ առկա նյութերը հնացած են և շատ հաճախ չեն համապատասխանում բժշկական մի շարք ստանդարտներին, պրակտիկ հատվածը բավականին թույլ է մեզ մոտ, չնայած Բժշկական համալսարանն իր որակով ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց նա:

Էվելինան նշեց, որ բավականին դժվար է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում տարիքով պայմանավորված։
«17-18 տարեկանում դժվար է հասկանալ, թե դու ինչ մասնագետ ես ցանկանում լինել, որ ոլորտում ես շարունակելու քո ողջ հետագա աշխատանքը, բայց կասեմ, որ շատ գոհ եմ իմ ընտրությունից, որ ճիշտ ժամանակին կարողացել եմ հստակ կողմնորոշվել, թե ինչ մասնագետ եմ ցանկանում դառնալ: Շատ մասնագիտություններ են եղել, որոնց մասին երազել եմ ու հիմա էլ նկատում եմ, որ վերջնարդյունքը նույնն է, քանի որ ոլորտները, որոնցում ներգրավված եմ, բազմազան են ու տարբեր»,- ասաց նա։

Էվելինան նաև խոսեց դժվարությունների մասին, որոնց բախվել է Գերմանիայում։

«Տեղափոխվել եմ միայնակ Գերմանիա՝ հետևում թողնելով ընտանիքս, ընկերներիս ու փորձել եմ օտար երկրում զրոյից կյանք սկսել, ու սա ինձ համար հետաքրքիր փորձառություն էր։ Հիշում եմ, որ օդանավակայանում սպասում էի ինքնաթիռին ու պետք է մեկնեի Գերմանիա, մտածում էի, որ իմ կյանքում բեկումնային պահ է ու կյանքն այլևս երբեք նույնը չի լինելու, այդ օրվա հույզերն ու ապրումները երբևէ չեմ կարող մոռանալ, բայց դա եղել է իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն ու կյանքիս որակը անասելի փոխվել է»,- ասաց Էվելինան և ընդգծեց, որ հայի մենտալիտետով մեծանալու արդյունքում մի շարք խնդիրների է բախվել։

«Հայերս մտածում ենք, որ ամենալավն ենք, ամենախելացին ենք, ընդունակը, բայց երբ եկա ու տեսա եվրոպացի համակուրսեցիներիս, շոկ էի ապրել՝ հասկանալով, թե ինչքան զարգացած են, կարդացած, բաց աշխարհայացքով ու ինչքան պատրաստված են հասուն կյանքին և ուսմանը»,-ասաց նա։

Այդուհանդերձ, Էվելինան ուսանողներին խորհուրդ է տալի միայնակ չմեկնել արտերկիր, քանի որ սկզբնական շրջանը բավական բարդ է։

«Ես բախվում էի լեզվական խնդիրների, քանի որ երբեք չէի շփվել հենց լեզուն կրողների հետ, երբեք չէի եղել գերմանախոս միջավայրում ու ամենապրիմիտիվ դժվարություններ, երբ անգամ չգիտես՝ որ ավտոբուսը նստել և գնալ դասի։ Միանգամից գնացել եմ մագիստրատուրա, որտեղ գերմաներենով բարդ թեմաներ ենք անցել»,- ասաց նա։

Այժմ Էվելինան չի զբաղվում բժշկությամբ և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է՝ իր անձնական բլոգը վարելով։

«Պետք է փորձեմ համատեղել երկու ոլորտները, եթե չստացվի, հասկանամ՝ որ ոլորտի ուղղությամբ ծավալեմ հետագա գործունեությունս։ Ոլորտները, որպես այդպիսին, անհամատեղելի են, քանի որ երկուսն էլ կենտրոնացում են պահանջում և երկարատև ու մանրակրկիտ աշխատանք»,- ասաց նա։

Բլոգերը տիկտոկյան հարթակում ունի շուրջ 6 մլն հավանում և 141 հազար հետևորդ, նրա խոսքով՝ սկզբնական փուլում տևական ժամանակ այդ հարթակից որևէ եկամուտ չի ունեցել։

«Ես սկսեցի Գերմանիայում փաստերի մասին կարճ հոլովակներ նկարել, առաջին հոլովակի արձագանքը շատ դրական էր ու բուռն, ու այդպես էլ սկսվեց իմ աշխատանքն այդ հարթակում, ես երկար ժամանակ գումար չէի աշխատում, ուղղակի հաճույք էի ստանում, ինչպես և հիմա։ Զգացի, որ ժամանակի ընթացքում սկսել եմ կիսվել իմ առօրյայով, զբաղմունքներով և այլն խորհուրդ տվեց»,- ասաց նա և հավելեց, որ սկզբնական շրջանում ծանր է տարել այն փաստը, որ մարդիկ փնովել են այդ հարթակը։

Հիմա էլ,  երբ բացասաբար են խոսում այդ ոլորտի մասին, նեղվում է, սակայն այժմ արդեն չի վիճում։

«Հայկական Տիկտոկում էլ երեխաներն ուղղակի իրենց հեռախոսով լավ ու դիտվող կոնտենտ են կարողանում ապահովել, որոնք օրինակ հեռուստատեսություններն իրենց ամբողջ թիմով չեն կարողանում անել»,-նշեց նա։

Չնայած Գերմանիայում բնակվելուն՝ բլոգերը աշխատում է հայկական լսարանի հետ։

«Շատ հայ բլոգերներ ցանկություն ունեն, որպեսզի իրենց տեսահոլովակները տարածվեն միջազգային շուկայում, բայց ես ի սկզբանե ցանկություն եմ ունեցել աշխատել հայկական լսարանի հետ ու կոնտենտ տալ հայերի համար, ու ալգորիթմը այդպես էլ աշխատում է, չնայած նրան, որ ես Հայաստանում չեմ»,- ասաց նա։

Հետագա անելիքների մասին խոսելիս Էվելինան շեշտեց, որ չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում։

«Անտանելի շատ եմ կարոտում Հայաստանը, բայց բժշկության ոլորտում Գերմանիայում ես հեռանկար ունեմ։ Ամեն մարդ ցանկանում է իր երկրում ապրել, ընտանիքի կողքին, աշխատել ու խոսել մայրենի լեզվով, բայց կան շատ ու շատ նախադրյալներ, որոնք թույլ չեն տալիս այդպես անել։ Արտերկրում միայնակ ապրելը փոխել է ինձ ու կյանքիս որակը։ Միշտ ասում եմ, երբ սկսում ես ինքնուրույն ապրել ու աշխատածդ գումարով վարձ ես տալիս, լվացքի փոշի գնում, հոգում ապրուստիդ հարցերը դու սկսում ես կայանալ ու դառնալ այլ մարդ»,- ասաց նա։

Խոսելով անձնական կյանքի մասին՝ նշեց՝ երբ կողքին մարդ հայտնվի, չի թաքցնի իր հետևորդներից։

«Ես շատ բաց եմ իմ հետևորդների հետ նաև անձնական հարցերով, քանի որ այդ սահմաններն անձնականի ու հանրայինի միջև,  մի քիչ լղոզված են։ Մարդիկ ինձ հետ սկսում և ավարտում են օրը, գիտեմ՝ նրանց նաև հետաքրքիր է իմ անձնականը, ու դա թաքցնելու կամ քողարկելու իմաստ չկա։ Իմ կողքին պատկերացնում եմ հասուն ու կայացած տղայի՝ ազգությունն ինձ համար կապ չունի, իհարկե ցանկալի է, որ լինի հայ տղա, բայց իր կայացվածությունն ու մտածելակերպը շատ ավելի կարևոր են։ Մեր տղաները ունեն իրենց կողակցին սահմանափակելու սովորություն, բայց ես չեմ ցանկանում, որ որևէ մեկը սահմանափակի ինձ կամ իմ որոշումները»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուր – tert.am/life

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան