Շնաձկների ամենավտանգավոր տեսակների ներկայացուցիչների չափերը սկսել են արագորեն աճել: Անսովոր հսկա առանձնյակներ են նկատվել Ֆրանսիական Պոլինեզիայում և Հավայան կղզիների մոտ, փոխանցում է Лента պարբերականը։
2019 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայի ջրերում ծովային կենսաբան Քորի Բուրքհարդը հայտնաբերել է գրեթե հինգ մետրանոց վագրային շնաձուկ։ Այս տեսակի խոշոր առանձնյակները սովորաբար հասնում են 3-4 մետր երկարության: Բուրքհարդը Կամակայայի (այսպես են գիտնականներն անվանել 5 մետրանոց գիշատիչ ձուկը) մեծ չափերը բացատրում է նրանով, որ 2006 թվականից ի վեր այս շրջանում վագրային շնաձկները գտնվում են հատուկ պաշտպանության ներքո:
National Geographic-ի «Սպիտակ շնաձուկն ընդդեմ վագրային շնաձկան» վավերագրական ֆիլմի հեղինակները կանխատեսում են, որ Ֆրանսիական Պոլինեզիայում կհայտնվի շնաձկների պոպուլյացիա, որոնք չափերով ավելի մեծ են, քան մյուս շրջաններում ապրողները։ Ֆիլմում բացատրվում է նաև, որ իշխանությունների կողմից ձեռնարկված շնաձկների պաշտպանության միջոցները Ֆրանսիական Պոլինեզիան դարձրել են գիշատիչ ձկների համար անվտանգ բազմացման վայր։
Սպիտակ շնաձկները համարվում են խոցելի տեսակներ ապօրինի ձկնորսության և կլիմայի փոփոխության հետևանքով նրանց կենսամիջավայրի ոչնչացման պատճառով։ Այս տարի Հավայի նահանգն արգելել է շնաձկների թակարդն ու սպանությունը պետական ջրերում։ Գիտնականները կարծում են, որ դա է դարձել է սպիտակ շնաձկների՝ մինչև 6 մետր երկարության աճի պատճառներից մեկը։ Կենսաբանները նաև նշել են, որ շնաձկների գիրության խնդիրը կապված է վտառներում միավորվելու հետ։ Նախկինում գիշատիչ ձկները մրցակցում էին միմյանց հետ սննդի աղբյուրների համար, մինչդեռ խմբերով որսը հեշտացրել է սնունդ գտնելը։
Մեծ սպիտակ շնաձկները, որոնք նաև հայտնի են որպես մարդակեր շնաձկներ, համարվում են մարդկանց համար ամենավտանգավոր շնաձկան տեսակը: Մարդկանց վրա հարձակումների վիճակագրության մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է վագրային շնաձուկը։ Աֆրիկայի երկրաբանական ընկերության (GSAf) տվյալներով՝ 2022 թվականին բոլոր տեսակի շնաձկների կողմից մարդկանց վրա հարձակման 52 դեպք է գրանցվել, որոնցից յոթը մահացու են եղել։
Չնայած շնաձկների պաշտպանության մասին օրենքների ընդունմանը, նրանց ապօրինի որսը շարունակվում է։ Որսագողերը որսում են շնաձկան լողակներ, որոնց վերագրվում են բուժիչ հատկություններ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ տարեկան 26-73 միլիոն շնաձուկ է որսվում՝ լողակների համար։
Նյութի աղբյուր – shantnews.am