Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում։ Երգչուհին նաև վերջերս հաղթել է Ղազախստանում կայացած ALMATYM JŪREGIMDE/«Ալմաթին իմ սրտում» միջազգային երգի մրցույթում, իսկ մեկ շաբաթ անց մասնակցելու է «Ну-ка, все вместе!» նախագծի սուպերսեզոնին:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է հաղթանակների, հետագա նախագծերի, 30-ամյակի և 2023-ի նպատակների մասին:
«Ղազախստանում կայացած մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել եմ Հայաստանի պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանից, ով նաև միջազգային ժուրիի կազմում էր։ Շնորհակալ եմ նրան առաջարկի և նմանօրինակ հնարավորության համար: Մրցույթից վերադարձա հաղթանակով, բայց նաև կարևոր է այս մրցույթներում գիտելիքի և փորձի ձեռք բերումը: Առաջին մրցութային օրը կատարել եմ Վարդուհի Վարդանյանի երգը, քանի որ, նախ, այն մեր երկրի մասին է, երկրորդ՝ իր կառուցվածքով մրցութային երգ է»,-ասաց Սյուզաննա Մելքոնյանը:
Խոսելով Հայաստանում կայանալիք երգի մրցույթների մասին՝ երգչուհին կարևորեց նման մրցույթների վերսկսումը, որպեսզի երիտասարդ արտիստները ևս կարողանան ներկայացնել իրենց տաղանդը և աշխատել բեմում:
«Մի շարք մրցույթների նախափուլերին մասնակցել եմ, որպես ժուրի: Ռուսաստանում մի քանի նախագծերի ժուրիի կազմում եմ և այդ փորձն ու հարթակն անգնահատելի են: Ինչ վերաբերում է մասնակցի կարգավիճակին, ես գիտեմ, որ լիարժեք կարողանում եմ ներկայանալ միջազգային հարթակներում՝ պատվով ներկայացնելով Հայաստանը»,- նշեց նա:
Երգչուհին նաև հավելեց, որ որոշակի տարիքում ցանկություն ունեցել է մասնակցել Եվրատեսիլ միջազգային մրցույթին, բայց այժմ առաջնահերթություններն այլ են:
«Ես կարծում եմ՝ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է և այդ հարթակում առաջնային արտիստի վոկալային տվյալները չեն այլ: Իհարկե, եղել է տարիք, երբ խիստ ցանկություն ունեցել եմ մասնակցել Եվրատեսիլին՝ ներկայացնելով Հայաստանը, բայց այժմ այլևս այդ փուլում չեմ և մրցույթին մասնակցելն առաջնահերթություն չէ»,- ասաց նա:
Սյուզաննա Մելքոնյանը վերջերս տոնել է 30-ամյակը և մեզ հետ զրույցում նշել՝ տարեդարձն անցկացրել է խաղաղության և բնության գրկում:
«Սկզբում մտածում էի մեծ շուքով տարեդարձ սնշելու մասին, բայց, երբ մոտեցավ օրը հասկացա, որ չեմ ցանկանում այդ կերպ նշել: Ճիշտ է, տարեդարձիս մի շարք ընկերներ, գործընկերներ և հարազատներ եկել էին ինձ շնորհավորելու՝ լինելով կողքիս, բայց տարեդարձս անցկացրել եմ Դիլիջանում՝ բնության գրկում: Ուզում եմ ասել՝ դառնալով 30 տարեկան կյանքին այլ կերպ ես սկսում նայել, այլ մտքեր և մոտեցումներ են»,- Սյուզաննա Մելքոնյան:
Նյութի աղբյուր – tert.am/life