«Երազում եմ 3 տարի հետո մենահամերգ ունենալ». Անիտա Ավետիսյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում առաջին դերի և նոր տեսահոլովակի մասին

«Երազում եմ 3 տարի հետո մենահամերգ ունենալ». Անիտա Ավետիսյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում առաջին դերի և նոր տեսահոլովակի մասին

Երգչուհի Անիտա Ավետիսյանն ամիսներ առաջ իր դեբյուտային դերը խաղաց «Սարի աղջիկ» հեռուտասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում 21-ամյա Անիտան խոսել է կերպարի, պատերազմական շրջանում աշխատելու, փորձառու գործընկերներից խորհուրդներ ընդունելու և իր տեսահոլովակների մասին:

«Տեսնելով երկրի իրավիճակը՝ պատերազմական շրջանում բարդ էր աշխատել, բայց փորձում էինք մեզ հավաքել ու նկարահանվել, որպեսզի կարողանանք ինչ-որ չափով մարդկանց կտրել ծանր առօրյայից:

Աշխատանքի ընթացքում ցրվել չէր ստացվում, նկարահանումների ընդմիջումներին հեռախոսներտ վերցնում էինք ու լուրերին հետևում: Բոլորն էլ առաջնագծում հարազատներ ունեին, իմ հարազատներից էլ էին սահման մեկնել որպես կամավոր, մինչև հիմա նրանցից լուր չունենք, հուսով եմ՝ շուտով կունենանք: Այսօր մեր երկրում, ցավոք, շատ անկայուն իրավիճակ է, փորձում ենք հաղթահարել այս շրջանը»,- ասաց նա:

Անդրադառնալով այս շրջանում իր արած նոր քայլին`Անիտան ասաց, որ դերասանական կրթություն չունի, անհատական դասերի է հաճախել, որից հետո իրեն քասթինգի են հրավիրել և ընտրվել է Բեթիի դերի համար: «Անկեղծ ասած, կերպարն ինձ ընդհանրապես նման չէ, շատ նամակներ եմ ստանում, թե ինչո՞ւ եմ վատ կերպար խաղում, ինչո՞ւ եմ վատը, փորձում եմ բոլորին պատասխանել:

Նկարահանումների սկզբնական շրջանում լարվածություն կար, որն ինձ խանգարում էր, բայց ավագ ու փորձառու գործընկերներիս՝ Արտաշես Մխիթարյանի, Էմմա Մանուկյանի, Ջուլիետտա Ստեփանյանի խորհուրդներն ինձ շատ օգնեցին, մինչև հիմա օգնում են: Նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են և ինձ ճիշտ ուղու վրա են դնում: Ամեն սերիայից հետո կատարելագործվում եմ, փորձում եմ ուղղել սխալներս»,- ասաց Անիտան:

Նա նշեց, որ սկզբնական շրջանում վախեցել է, որ չի ընկալվի հեռուտադիտողի կողմից. «Մտածում էի՝ հնարավոր է` չհավանեն, դրսում տեսնելիս ասեն, որ անտաղանդ եմ, չեմ կարողանում խաղալ, բայց դեռ նման բան չկա, վախս էլ անցել է:

Տեսնում եմ, որ Բեթիի կերպարը սիրվել է, նույնիսկ հարցում էի անցկացրել իմ էջում` մարդիկ կերպարս սիրե՞լ են. 80 %-ը պատասխանել էր՝ այո: Եթե ինձ որպես դերասանուհի չընդունեին, չէի հանձնվի, կպայքարեի, կկատարելագործվեի, կսովորեի, որպեսզի ինձ ավելի լավ ընկալեն»:

Անիտան ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նկարչության բաժինը, սիրում է ազատ ժամանակ նկարել. «Հիմնականում նկարում եմ իմ երազանքները, որոնք կապված են բեմի հետ: Երազում եմ 3 տարի հետո մենահամերգ ունենալ, որը կլինի ինձ սիրող մարդկանցով լեցուն դահլիճում: Հիմա աշխատում եմ երազանքս իրագործելու ուղղությամբ»:

Ըստ երգչուհու՝ առաջ իրեն միայն որպես երգչուհի էր պատկերացնում, բայց նկարահանումների առաջին օրվանից հետո իրեն չի պատկերացնում առանց այս ամենի։ «Ես երգում եմ 10 տարեկանից, երաժշտական դպրոց եմ հաճախել, անհատական պարապմունքների եմ գնում մինչ օրս, բայց միշտ սպասել եմ, ռիսկի չեմ դիմել, վախեցել եմ, որ կարող եմ չընկալվել լսարանի կողմից:

Վախն արդեն հաղթահարել եմ, անցած տարի ներկայացրի իմ առաջին տեսահոլովակը,- ասաց նա և հավելեց, որ շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը,- «Մնաս բարով» կոչվող երգի հեղինակն Արման Անտոնյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Նարեկ Սարգսյանը, պրեմիերան նախատեսում ենք վաղը:

Մեղեդային, զգացմունքային երգ է սիրո, դավաճանության մասին: Տեսահոլովակը սյուժետային գիծ ունի, կապ ունի երգի մտքի հետ, աղջկա մասին է, ում դավաճանել են»:

Հարցին՝ Հայաստանում 21-ամյա աղջկա համար տեսահոլովակ նկարահանելը ֆինանսապես բարդ չէ՞, Անիտան պատասխանեց. «Հայաստանում տեսահոլովակ նկարահանելը բարդ է, պետք է կամ ինքդ հոգաս ծախսերը, կամ հովանավորդ: Ծախսերն ինքնուրույն հոգալու համար պետք է ճանապարհ անցնես, ինձ այս պահին հովանավորում է հայրիկս, ընտանիքս ինձ ամեն հարցում աջակցում է, կողքիս կանգնած է»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան