«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մասին

«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մասին

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իր դերը դեբյուտային է համարում, քանի որ մինչև այս շարունակական կերպար չի ունեցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է հեռուստասերիալի, իր ճանապարհին հանդիպած բարդությունների, թատրոնում խաղալու և մասնագիտության հետ մեծ նպատակներ չկապելու մասին:

իլիթի խոսքով՝ ֆիլմերում և սերիալներում նկարահանման փորձ, որպես այդպիսին, չի ունեցել, նկարահանվել է, բայց շատ կարճատև կերպարներով: «Այս հեռուստասերիալն առաջինն է, որտեղ հանդես եմ գալիս հիմնական, շարունակական կերպարով:

Մինչև այդ աշխատում էի «Իմացիր ավելին» նախագծում՝ որպես տնօրեն, Դիանա Գրիգորյանն ինձ ճանաչում էր, գիտեր, որ դերասանուհի եմ, մի փոքր ծանոթ էր նաև իմ դերասանական շնորհքին: Երբ հեռուստասերիալի համար հայտարարված քաստինգի ժամանակ օգնում էի Դիանային կազմակերպչական հարցերով, նույնիսկ չգիտեի, որ ինքս էլ զբաղվածություն կունենամ նախագծում:

Շատ ուրախացա, որ այսպես ստացվեց: Հիմա շարունակում եմ մնալ «Իմացիր ավելին» հաղորդման տնօրեն, բայց, երկրում տիրող իրավիճակով պայմանավորված այս պահին նկարահանումները դադարեցված են» ,- ասաց նա:

Ըստ երիտասարդ դերասանուհու՝ այն, ինչ իր կերպարը՝ Լեյլին է անում կյանքի հետ, Լիլիթը չէր անի: «Լեյլին անկազմակերպ, զգացմունքների հիման վրա քայլեր անող աղջիկ է, ով չի հասկանում, որ տղամարդուն կողքիդ երկար պահելու համար պետք է մի փոքր համբերատար լինել, մտածված քայլեր անել:

Իր քայլերի արդյունքում նա դառնում է իր սիրելիի համար տհաճ կին, քանի որ ոչ մի տղամարդ չի սիրում այդքան խանդոտ, հիստերիկ կնոջ: Չնայած այս ամենին՝ նրա քայլերն արդարացված են, որովհետև սիրում է Վանին: Ինքս բնավորությամբ շատ ավելի զուսպ, հպարտ եմ, ինքնասիրությունս շատ ավելի բարձր է, երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա:

Ինստագրամի իմ էջին հեռուստադիտողները, ի զարմանս ինձ, բավականին լավ հաղորդագրություններ են ուղարկում, արդարացնում կերպարս՝ մտածելով, որ ոչ թե սցենարիստը, այլ ես եմ որոշում Լեյլիի ճակատագիրը» ,- նշեց նա:

Լիլիթն անկեղծացավ, որ խաղալու ընթացքում նաև բարդություններ են լինում, առավել ևս, երբ աշխատանքին լրջությամբ է մոտենում: «Սերիալային տեմպը շատ արագ է և երբ ինչ-որ կտորում պետք է շատ էմոցիաներ ցույց տաս, նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ է:

Այստեղ արդեն աշխատանքը բարդանում է, բազմիցս ասել եմ, որ սերիալում խաղալն ավելի բարդ է, քան ֆիլմում: Դու պետք է ավելի ճկուն, մարզված լինես, որ որսաս պահը, կերպարի խաղի մեջ մտնես, բայց երբ սիրում ես աշխատանքդ, այն հաճույքով ես անում, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:

Նաև շատ են օգնում մեր ավելի փորձառու, ավագ գործընկերների խորհուրդները: Նրանց փորձն այնքան մեծ է, որ խորհուրդները չլսելն ուղղակի հիմարություն կլինի: Այն ճանապարհը, որը նրանք վաղուց անցել են, մենք նոր ենք փոքրիկ քայլերով անցնում»,- ընդգծեց նա:

Լիլիթն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չորս տարի առաջ: Պատմեց, որ ավարտելուց հետո միանգամից ընդունվել է «Գոյ» թատրոն: «Համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով թատրոնում այս պահին 60-ից ավելի հանդիսատես թողնել չի թույլատրվում: Բավականին ժամանակ է՝ չենք խաղում, վերջինն Ամանորյա ներկայացումներն են եղել, բայց հիմա, հուրախություն բոլորիս, մի քանի պրեմիերա ունենք, որոնք արդեն պատրաստ են, թարմ խաղացանկով հանդես կգանք:

Հավատացեք, դերասանը թատրոնով է դերասան դառնում և մնում դերասան: Երգիչը գնում է ձայնային վարժությունների, իսկ դերասանն այդ վարժությունները բեմում է անում, մարզվում է ամեն առումով»,- նկատեց նա:

Խոսելով դերասանական ասպարեզի հետ կապված իր նպատակների մասին՝ Լիլիթն ասաց, որ համեստ է, մեծ ախորժակ չունի, քանի որ տեսնում է երկրի իրավիճակը:

Շուկան մեծ չէ, պահանջարկ և առաջարկ չկա: Համալսարանում մեծ քանակությամբ դերասաններ են կրթվում, բայց անգործ են մնում: Մեր կուրսում 23 հոգի էինք, հիմա մեկ-երկուսն են, որ թատրոնում են խաղում և նկարահանվում են տարբեր նախագծերում: Չկա տեղ, որտեղ կարող ես քեզ մատուցել, ներկայացնել: Երկրից դուրս գալու ցանկություն չունեմ, հետևաբար, Օսկարներ վերցնելու ձգտում՝ ևս, իրատես մարդ եմ:

Իսկ եթե այս ամենը դնենք մի կողմ, կասեմ, որ դերասանից կախված է ինքնակրթությունը: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ այսօր կարող ես բժշկի, վաղը՝ կոշկակարի կերպարում լինել: Պետք է տեղեկացված լինես բոլոր մասնագիտություններից, որպեսզի կարողանաս դերդ ճիշտ մատուցել: Արտաքինը ևս կարևոր է, պետք է խնամված լինես, քանի որ որոշ մարդկանց համար օրինակ ու թելադրող ես դառնում» ,- եզրափակեց դերասանուհին:

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան