Հանցափորձ, սպանություն, խոշոր չափերի վնաս. նոր մանրամասներ Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործից

Հանցափորձ, սպանություն, խոշոր չափերի վնաս. նոր մանրամասներ Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործից

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ: Նա մասնավորապես գրել է.

«Ի պատասխան լրագրողների հարցումների

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27-ին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվել էր նաև, որ Ջալալ Հարությունյանը վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ Նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը:

Այդ ժամանակ նշվել էր, թե Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում, չնայած ադրբեջանական կողմում չէին դադարում տեսանյութեր հրապարակվել այն մասին, թե իրենք պայթեցրել են Հարությունյանի ավտոմեքենան: Եվ մեկուկես ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, Հարությունյանը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ մնալով բժիշկների հսկողության տակ:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Ջալալ Հարությունյանը պնդել է, թե իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժվում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։

Վարկածներից մեկի համաձայն, եղել է  Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։

Հավելենք, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ՝  ՀՀ ՔՕ-ի 34-րդ (Հանցափորձ), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (Սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով):

Նախաքննությունը շարունակվում է եւ այս պահին  դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան