«17 տարի այդ երազանքն եմ մտապահել». Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակը չնշելու պատճառի, նոր ֆոտոշարքի և «Դեպի ճամբար»-ում իրենից մեծ աղջկա մարմնավորելու մասին

«17 տարի այդ երազանքն եմ մտապահել». Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակը չնշելու պատճառի, նոր ֆոտոշարքի և «Դեպի ճամբար»-ում իրենից մեծ աղջկա մարմնավորելու մասին

Դերասանուհի Իլոնա Մկրտչյանն օրերս դարձել է 18 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրը չնշելու պատճառի և «Դեպի ճամբար 2» նախագծում իր կերպարի մասին: Իլոնան նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին։

Իլոնայի խոսքով՝ նախկինում մտածում էր՝ 18-ամյակը մեծ շուքով կնշի, բայց այդպես չարեց: «Կեսգիշերին ընկերներիցս մեկը տորթով, փուչիկներով և ծաղիկներով եկավ մեր տուն: Հետո ես ու մայրս գնացինք Դիլիջան, քանի որ այս տարի չցանկացա մեծ խնջույք կազմակերպել, նախորդ տարվա դեպքերից հետո տրամադրություն չունեի, կոտրված իրավիճակ էր:

Դիլիջանում հետաքրքիր օր ունեցա, մայրիկիս հետ էի, որտեղ էլ լինեի, օրս չէր կարող վատ անցնել: Այս տարի տորթի մոմերը փչելիս երազանք եմ մտապահել, որ խաղաղություն լինի, որ 2020 թվականն այլևս չկրկնվի:

Ամեն ամիս ներքին փոփոխություններ եմ զգում բնավորությանս և մտածելակերպիս հետ կապված, որովհետև ամեն անգամ ավելի շատ բան եմ հասկանում, ենթադրություններ անում, փոխվում, մեծանում, հասունանում: Նախկինում որոշումներիս մեջ փոփոխական էի, հիմա կայուն եմ, թեև հասունանալու տեղ միշտ կա, ամեն տարիք հասունանալու իր չափանիշն ունի»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ արդեն վստահ է՝ երազանքներն իրականանում են: «Մանկուց երազել եմ հեռուստատեսությունում լինելու մասին: Չեմ թաքցնի, ծննդյանս տորթի մոմերը փչելիս 17 տարի այդ երազանքն եմ մտապահել, որը կատարվեց 17 տարեկանում:

Վստահ եմ՝ մյուս բոլոր երազանքներս էլ կկատարվեն: Ուզում էի հեռուստատեսություն մտնել ոչ թե հայտնիության, այլ դերասանի գործով զբաղվելու համար: Հետագայում ուզում եմ այդ գործով զբաղվել, բայց նաև այլ գաղափարներ ունեմ, չգիտեմ՝ որ ուղղությամբ կգնամ»,- նշեց նա:

Իլոնան օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել, պատմեց, որ գաղափարը վաղուց ուներ: «Որոշել եմ հետևորդներիս կերպարային ֆոտոշարքեր հաճախ ներկայացնել: Այս անգամ ընտրեցի հրեշտակի կերպարը: Լուսանկարվել շատ եմ սիրում, բայց դա էլ իր բարդություններն ունի, անընդհատ պետք է դիրք փոխես, երբեմն զգեստը հարմար չէ: Այս անգամ հրեշտակի թևերն անհարմար ու ծանր էին, բարդ է նկարին թեթևություն հաղորդել և թաքցնել ծանրությունն ու անհարմարավետությունը»,- շեշտեց նա:

Իլոնան զբաղվածություն ունի «Դեպի ճամբար 2» նախագծում: Նա նկատեց, որ իր կերպարն այն չէ, ինչպես կարող է թվալ սկզբում: «Մարմնավորում եմ 22 տարեկան աղջկա, ով բնավորության կամակոր գծեր ունի: Կերպարս վերցված է իրական կյանքից, նման շարժուձևով մարդ իրականում ևս կա, որի հատկանիշները փորձել եմ ներկայացնել։

Ինքս շփվում եմ տարիքային տարբեր խմբի մարդկանց հետ և փորձում վերցնել նրանց խոսելաձևը, շարժուձևը, հետո դա ներառում եմ կերպարիս մեջ,- ասաց նա և հավելեց, որ իրենից տարիքով մեծ աղջկա մարմնավորելը բարդ է,- Ամեն կերպար իր բարդություններն ունի, ինձ հաճելի է կերպարի մեջ մտնել: Նույնիսկ այնքան եմ խորանում, որ մտածում եմ՝ կերպարս արմատներով որտեղի՞ց է, ինչպիսի՞ն է»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան