«Սա ինձ համար մասնագիտական աճի նոր հարթակ է»․ Արտյոմ Կարապետյանը՝ 9 տարի աշխատելուց հետո «Արմենիա TV»-ից Առաջին ալիք տեղափոխվելու և փորձությունների մասին

«Սա ինձ համար մասնագիտական աճի նոր հարթակ է»․ Արտյոմ Կարապետյանը՝ 9 տարի աշխատելուց հետո «Արմենիա TV»-ից Առաջին ալիք տեղափոխվելու և փորձությունների մասին

Լրատվական մեկնաբան Արտյոմ Կարապետյանը շուրջ 9 տարի «Արմենիա TV»-ում աշխատելուց հետո մարտի 8-ից կներկայանա Հանրային հեռուստաընկերությունում։ Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմը խոսել է Առաջին ալիք տեղափոխվելու պատճառների, «Արմենիա TV»-ում ունեցած փորձությունների, ինքն իր հետ մրցակցելու և նոր ձևաչափում ներկայանալու ցանկության մասին։

Արտյոմի խոսքով՝ Առաջին ալիքից առաջարկ է ստացել  և ընդունել։ «Ինչ-որ առումով հասունացել էր որոշում ընդունելու պահը, որովհետև փոփոխություն էի ուզում։ Հեռուստաընկերության հետ կապված խնդիր չկար, ինձ ուղղակի ստեղծագործական առումով ինքնադրսևորվելու նոր հարթակ, միջավայր ու մթնոլորտ էր պետք։

Բնույթով իմ ընտրությանը նվիրված և հավատարիմ եմ, բայց ժամանակ առ ժամանակ սիրում եմ նաև ինձ փորձել նոր հարթակում, հանգամանքներում։ Ինձ մոտիվացիա էր պետք, որն այս պարագայում չունեի, որովհետև հեռուստաընկերությունում ունեի իմ կայուն տեղը, դա ստեղծագործական առումով տանում էր կայուն միօրինակության։

9 տարվա ընթացքում «Արմենիա TV»-ում ինձ փորձել էի տարբեր ձևաչափերում և կուտակված գործոնները բերեցին նրան, որ ընդունեմ Առաջին ալիքի առաջարկը։ Այս առաջարկն ինձ հնարավորություն կտա ոչ միայն օգտվել նոր հարթակից, այլև լրացուցիչ՝ լրատվական ժանրից դուրս հարթակներից»,- ասաց նա։

Մեկնաբանն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 8-ից։ Նա ընդգծեց, որ նոր հեռուստաընկերությունում իրեն շատ լավ են ընդունել, որովհետև շատերի հետ նախկինում աշխատել էր։ «Ընդունելությունը շատ ջերմ էր, ինչն ինձ շատ ուրախացրեց, սկիզբը խոստումնալից է։ Վարելու եմ լրատվական ծրագրի հիմնական ժամերը։

Հետագան կախված է իմ առաջարկներից, իսկ առաջարկի միտք վաղուց ունեմ։ Շատ եմ ուզում և պատրաստ եմ լինել նաև այլ ձևաչափում։ Ունեմ նախագծի միտք, որի հարթակը, կարծում եմ, Հանրայինը կտրամադրի, և ես իմ մասնագիտական ամբողջ ներկապնակը կներկայացնեմ հեռուստադիտողին»,- նշեց նա։

Արտյոմն անկեղծացավ, որ այս 9 տարվա ընթացքում շատ առաջարկներ չի ունեցել․ «Շատերը մտածել են, թե առաջարկների համար բաց չեմ։ Հեռուստաընկերության լրատվական ծրագրի մեկնաբանը կամա, թե ակամա դառնում է հեռուստաընկերության դեմքը, մարդիկ նրան ասոցացնում են հեռուստաալիքի հետ, և նա չի կարող ալիքից ալիք անցնել, այդ փոփոխության ընկալումը դժվար է լինում։

Հասկանալով այս նրբությունները՝ առաջարկները շատ չեն եղել, թեև եթե նախկինում ստանայի այս առաջարկը, գուցե չընդունեի, որովհետև պատրաստ չէի։ Երբ գնացի «Արմենիա TV», այն զարթոնք էր ապրում, հիմա այս առումով այլ ժամանակներ են։ Ըստ ժամանակաշրջանի և իրավիճակի՝ հասունանում են այդ առաջարկներն ու մեր որոշումները»։

Հարցին, թե ինչպե՞ս է իրենից բաժանվել հարազատ հեռուստաընկերությունը, Արտյոմը պատասխանեց․ «Ինձնից հեշտ չեն բաժանվել ինձ սիրող, հարգող, ընդունող, մեծարող իմ գործընկերները, մարդիկ, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ։

Նրանք մոտենում էին, հուզվում, նրանցից շատ դժվար բաժանվեցի և ունեցա հուզական նոտա, բայց, երևի, տարիներն ինձ կոփել են և այս առումով ավելի սառն եմ դարձել։ Հեռուստաընկերությունն ինձնից շատ ծանր ու դժվար չբաժանվեց, հետևաբար՝ ես էլ իրենցից շատ ծանր ու դժվար չբաժանվեցի։ Այդ ամենը շատ համարժեք էր։ Գալիս է մի պահ, երբ պետք է գնաս, այդպես են դասավորվում հանգամանքները, դու էլ այդ հանգամանքների մեջ քեզ մենակ ես զգում ու կայացնում գնալու որոշումը։

Կա «կոմֆորտի գոտի» հասկացությունը, երբ այդ գոտում երկար ես մնում, կորցնում ես աճելու, նոր հարթակներ ունենալու հնարավորությունը։ Պետք է չվախենաս ու այդ գոտուց դուրս գաս։ Երբեմն, վախի պատճառով մենք կանխում ենք մեր աճի ընթացքը, պետք է ռիսկի դիմել։ Շատ դեպքերում շահում են նրանք, ովքեր ռիսկի են դիմում»։

Մեկնաբանը նկատեց, որ աշխատել է ներկայանալի ու  պրոֆեսիոնալ հեռուստադեմքերի հետ, ամենադժվար մրցակիցների հետ, որոնց երբեք իրեն մրցակից չի համարել։

«Դա այն պատճառով չէ, որ ես մեծամիտ եմ, ուղղակի իմ կարիերայի ընթացքում մրցակցել եմ միայն ինքս ինձ հետ։ Մի անգամ կարդացի այդ մասին և այնքան դաջվեց գիտակցությանս մեջ, որ ընկալեցի՝ չպետք է գործընկերներիս ինձ մրցակից համարեմ, այլ ինքս ինձ պետք է մարտահրավեր նետեմ։

Մյուս կողմից այդ հեռուստադեմքերի հետ աշխատելը շատ մոտիվացնող էր, իրենք էլ ինչ-որ առումով հարստացնում ու լրացնում էին իմ մասնագիտական աշխարհը, ինչի համար նրանց շնորհակալ եմ։ Այս տարիների ընթացքում «Արմենիա TV»-ում մի քանի թիմ է փոխվել և այն միջուկը, ում հետ ես սկսել էի հեռուստաընկերությունում իմ ճանապարհը, այլևս չկա, նրանք տարբեր պատճառներով գնացել են հեռուստաընկերությունից։

Նրանց հետ, ում ինձ հարազատ եմ համարում, շփումը շարունակվում է նաև հեռուստաընկերությունից դուրս։ Նոր մարդկանց հետ հասցրել եմ ընկերանալ, շփվել, լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ»,- պատմեց Արտյոմը։

Նա շեշտեց, որ հեռուստաընկերությունում անցկացրած 9 տարին լեցուն, հագեցած, փորձություններով լի, հետաքրքիր, վառ, ուրախ ու երջանիկ տարիներ էին, ինչի համար շնորհակալ է։

«Այդ տարիները որպես մասնագետ ու մարդ ինձ շատ կոփեցին, տվեցին ընդարձակ հարթակ, ավելի մեծ լսարան։ Դրանք նաև փորձությունների տարիներ էին, որովհետև ամեն նոր թիմ ու կազմ իրենց հետ բերում էին նոր պահանջներ ու նշաձող, որը պետք է հաղթահարել։ Դա ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չէր, նորմալ էր, որովհետև նոր մարդիկ ինձ չէին ճանաչում։

Եթե նույնիսկ այդ նշաձողը չսահմանվի, ինքդ պետք է այն պահես, որպեսզի ցույց տաս՝ արժանի ես շարունակելու ճանապարհը նաև նոր թիմի հետ։ Որևէ մեկը չի ասել, որ սրանք փորձություններ են և ինձ մարտահրավեր չի նետել, ինքս ինձ համար եմ սահմանել փորձություններ, ինչը հետաքրքիր է դարձրել աշխատանքային գործընթացը։ Այդ 9 տարին նաև բեկումնային ու պատմական էին՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

Պարբերաբար ընտրություններ, իշխանափոխություն, պանդեմիա, աղետալի պատերազմ․ այդ ընթացքում պետք էր ճիշտ կոնտակտ հաստատել հեռուստադիտողի հետ, ամեն մի բառ ու արտահայտություն պետք է վերլուծվեր ու նժարին դրվեր։ Շատ նուրբ, երբեմն, ցավոտ, նաև պատասխանատու ժամանակաշրջաններ եմ ունեցել և կարող եմ ասել՝ պատվով եմ հաղթահարել»,- եզրափակեց մեկնաբանը։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան