«Արամեն հուզմունքից խեղդվում էր, պատկերացնում էր՝ մի օր իր դստեր հերթն է գալու». երեք սերունդ Արամեի նոր տեսահոլովակում

«Արամեն հուզմունքից խեղդվում էր, պատկերացնում էր՝ մի օր իր դստեր հերթն է գալու». երեք սերունդ Արամեի նոր տեսահոլովակում

Երգիչ Արամեն անակնկալ նոր տեսահոլովակի տեսքով ունի իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը պատմել է «Իմ անուշ աղջիկ» կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասներն ու տրամադրել է բեքսթեյջ լուսանկարներ:

Երգի երաժշտության հեղինակն Օֆելյա Մկրտչյանն է, խոսքերի հեղինակը Դիանա Մարդանյանը: «Նրանք մեծ հայտնիություն չունեցող հեղինակներ են, որոնց հետ պարբերաբար կապի մեջ ենք եղել, առաջարկներ են արել, լսել ենք և շեշտը դրել երկու երգի վրա, որոնք տեսահոլովակ պետք է դառնան: Մեկն այս տեսահոլովակն է, մյուսն էլ շուտով կնկարահանենք:

Արամեն սիրում է աշխատել ոչ այնքան հայտնի հեղինակների հետ, նույնիսկ ասում է՝ բաց է զուգերգ ունենալ ցանկացած մեկի հետ, ում անունը հայտնի չէ, բայց տաղանդավոր մարդ է: Արամեն պատրաստ է օգնել նոր հեղինակներին, որովհետև վստահ է՝ իրենց հիշողության մեջ այդ աշխատանքը վառ ձևով տպավորվելու է: Ժամանակին ինչ-որ մեկը մեզ համար էլ է ճանապարհ հարթել, ինչը դրական ձևով տպավորվել է մեր մեջ.,- ասաց Սյոման:

Ըստ նրա՝ երգը պատմում է հոր և դստեր հարսանեկան պարի մասին, հոր խոսքն է ամուսնացնող աղջկան, իսկ հոր դերում Արամեն է: Պրոդյուսերը հայտնեց, որ տեսահոլովակի ռեժիսորն ինքն է, օպերատորն Արտյոմ Աբովյանը, դիզայներն Արամ Նիկոլյանը, պրեմիերան նախատեսում են ապրիլի սկզբին:

«Տեսահոլովակն ունի սյուժետային գիծ: Հայրը պարում է դստեր հետ, շրջապատում ոչ ոք չկա, թեև հարսանիք է: Մթության մեջ հայրն է դստեր հետ, նայում է նրան և տեսնում է ոչ թե հասուն աղջիկ, ով պատրաստվում է ամուսնանալ, այլ նորածին երեխա, հետո 5, 14 տարեկան աղջիկների, ներկայացնում ենք 3 սերունդ: Միտքն իմն է: Երբ երգը կար, երկար մտածում էինք ինչպիսի՞ տեսահոլովակ նկարահանել, որովհետև թեման շատ է եղել, արդեն կան նկարահանված գեղեցիկ տեսահոլովակներ:

Այս ամենի մեջ մտածում էի՝ ինչպե՞ս չկրկնվել, տարբերվող աշխատանք անել,- նշեց նա և պատմեց, որ կարելի է ասել՝ տեսահոլովակն իրական փաստերի հիման վրա է նկարահանված,- Ինձ շատ մտերիմ մարդ ամուսնացնում էր իր դստերը և ես իր կողքին տեսնում էի իր ապրումները: Ներկա եղա հարսանիքին, տեսա հոր և դստեր պարն ու հասկացա՝ այդտեղ պար չկա, միայն զգացմունքներ են: Վերջում դժվարությամբ դստեր ձեռքը փոխանցեց փեսային: Ես հասկացա՝ այն էր, ինչ փնտրում էի այդ պահին, նրանք առանձին աշխարհում էին»:  

Հարցին, թե Արամեի համար բարդ չէ՞ր ներկայանալ տարիքով ավելի մեծ մարդու կերպարում, Սյոման պատասխանեց. «Քննարկում էինք, որ Արամեն հանդես է գալիս իրենից մեծ մարդու կերպարում, բայց, իրականում, եթե մի փոքր վաղ ամուսնանար, դստերն ամուսնացնելու ժամանակը կլիներ: Զգացմունքային առումով էր բարդ, որովհետև նույնիսկ երգը ձայնագրելիս Արամեն հուզմունքից խեղդվում էր, պատկերացնում էր՝ մի օր իր դստեր հերթն է գալու, ասում էր՝ խենթանում է:

Երգի մեջ իր հուզմունքը, ձայնի խզզոցը զգացվում է: Վախենում էի, որ տեսահոլովակում չի կարողանա իրեն զսպել, բայց լրիվ այլ բան տեղի ունեցավ: Տեսահոլովակում Արամեի դուստրը՝ Թամարա Զուռնաչյանը, ով դերասանուհի չէ, այնքան դոմինանտ եղավ, որ իր դոմինանտությունը փոխանցվեց Արամեին: Աղջիկն ապրեց հարս լինելու և հոր հետ պարելու զգացողությունը, Արամեն նույնիսկ փորձում էր աղջկա դեմքից հայացքը փախցնել, որովհետև հուզվում էր»,- պատմեց Սյոման:

Պրոդյուսերն ընդգծեց, որ Թամարայի հետ աշխատելու փորձ նախկինում ունեցել է: «Դրանից հետո նա ասաց՝ փորձնական էր, սա իր դաշտը չէ: Երբ հերոսուհի էի փնտրում, նրա դեմքն անընդհատ աչքերիս առջևում էր: Առաջարկեցի Թամարային, ասաց՝ վստա՞հ եմ, որ կկարողանա խաղալ, պատասխանեցի՝ առավել քան, և ստացվեց,- ասաց Սյոման և հավելեց՝ նկարահանումների ընթացքը հուզառատ է եղել նաև իր համար,- Հուզվել եմ սցենարը գրելիս, նկարահանման հրապարակում և մոնտաժի ժամանակ: Տեսահոլովակն զգացմունքային դաշտում մեծ ասելիք ունի և, կարծում եմ, տղամարդկանց համար է նախատեսված, որովհետև այս ապրումները կհասկանան միայն տղամարդիկ»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան