«Փորձ ունեցող շատ երգչուհիների երգերի համեմատությամբ իմն ավելի որակյալ է». «Սարի աղջիկ» սերիալից դերասանուհի Լիլիթ Բադանյանը ներկայացել է որպես երգչուհի

«Փորձ ունեցող շատ երգչուհիների երգերի համեմատությամբ իմն ավելի որակյալ է». «Սարի աղջիկ» սերիալից դերասանուհի Լիլիթ Բադանյանը ներկայացել է որպես երգչուհի

Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Բադանյանը, ում համար «Սարի աղջիկ»  հեռուստասերիալը դեբյուտային է, լսարանին է ներկայացել նաև որպես երգչուհի: Լիլիթի առաջին աշխատանքը «Գնա, գնա» կոչվող երգն է, որի ստեղծման մանրամասները դերասանուհին պատմել է Tert.am Life-ին:

Լիլիթի խոսքով՝ միշտ սիրել է երգել, թեև այդ ասպարեզում կրթություն չի ստացել: «Սովորել եմ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, որտեղ անցել ենք նաև երգի դասեր, բայց ոչ խորացված: Միշտ ցանկացել եմ իմ երգն ունենալ: «Գնա, գնա» կոչվող երգն ինձ նվիրեց իմ լավ ընկեր, երգիչ Վլադիմիր Պողոսյանը, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Երգի բառերը շատ համապատասխան էին «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իմ կերպարին՝ Լեյլիին, որովհետև մերժված սիրո մասին էին: Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին առաջարկեցինք սերիալի սցենարում ընդգրկել նաև իմ երգը, որը նվիրեցի Կարո Հովհաննիսյանի կերպարին՝ Վանին: Շատ շնորհակալ եմ Դիանային, որ չմերժեց առաջարկը: Երգի պրեմիերան եղավ սերիալի շրջանակում, բայց ոչ ամբողջական տարբերակով»,- ասաց նա:

Դերասանուհին նշեց, որ երգի մասին արձագանքները, հիմնականում, դրական են, բայց բացասական կարծիքներ էլ են եղել կապված այն հանգամանքի հետ, որ մասնագիտությամբ դերասանուհի է, բայց երգ է ներկայացրել:  

«Չեմ կարծում, որ այս երգով մեծ գլուխգործոց եմ արել: Սիրային թեմայով, թեթև երգ է, կարելի է ասել, որ մարդիկ սիրում են այս ոճը: Ինձ փորձեցի ու, երևի, ինչ-որ չափով ստացվեց, որովհետև արձագանքները մեծ մասամբ դրական են: Իմ էջում դրական արձագանքներ են, բայց այլ էջերում տեսել եմ, գրել են՝ «նա է՞լ սկսեց երգել», «ով տեսախցիկ է տեսնում, սկսում է երգել»:

Ինչո՞ւ չերգել, եթե մարդն ունի ցանկություն և նրա մոտ վատ չի ստացվում: Դերասանուհին պետք է նաև երգելու տաղանդ ունենա, գրում եմ նաև բանաստեղծություններ։ Եթե մարդու մոտ ստացվում է, ինչո՞ւ չանի: Այլ հարց է, որ փորձում են տեխնիկայի միջոցով երգ ստանալ, բայց իմ դեպքում այդպես չէ»,- ընդգծեց նա:

Լիլիթը նաև ասաց, որ պետք չէ իրեն դատել այնպես, ինչպես կդատեին տարիների փորձ ունեցող երգչուհուն: «Ամեն դեպքում, փորձը, անցած ճանապարհը մեծ նշանակություն ունեն: Չեմ վախենա ասել՝ փորձ ունեցող շատ երգչուհիների երգերի համեմատությամբ իմն ավելի որակյալ է: Թեև սիրում եմ այս արտահայտությունը՝ հավերի մեջ աքլոր լինել պետք չէ:

Չպետք է քեզ համեմատես վատի հետ, պետք է ձգտել մեկ-երկու քայլ առաջ գնալ: Մարդիկ շատ են ասում, որ ունեմ տարբերվող, յուրահատուկ ձայն: Գուցե սկսեմ երգել և երգեմ հենց իմ ոճի մեջ: Դա կարող է լինել ջազ, էստրադա, բայց երգի ոճը, գործիքավորումը 100 %- ով համապատասխանի ինձ: Այս երգը, ավելի շատ, Լեյլիի երգն էր, քան իմը: Այն համապատասխանում էր Լեյլիի տեսակին»,- ասաց Լիլիթը:  

Դերասանուհին հայտնեց, որ երգի ամբողջական տարբերակի պրեմիերան կլինի տեսահոլովակով. «Դեռ չգիտեմ՝ տեսահոլովակում հանդես կգամ որպես Լիլի՞թ, թե՞ Լեյլի: Եթե տեսահոլովակում նկարահանվի Վանի դերակատարը՝ Կարո Հովհաննիսյանը, ուրեմն՝ հանդես կգամ որպես Լեյլի»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան