«Դիետաներ չեմ պահել, ոճային կտրուկ փոփոխությունների չեմ դիմել, մազերս չեմ ներկել». Դիանա Գրիգորյանը՝ իր տարիքից երիտասարդ երևալու, տարեդարձի երեկույթի, հայտնի հյուրերի և դստեր խորհուրդների մասին

«Դիետաներ չեմ պահել, ոճային կտրուկ փոփոխությունների չեմ դիմել, մազերս չեմ ներկել». Դիանա Գրիգորյանը՝ իր տարիքից երիտասարդ երևալու, տարեդարձի երեկույթի, հայտնի հյուրերի և դստեր խորհուրդների մասին

Պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն օրերս նշել է 38-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմել է օրվա անակնկալի, տարեդարձը նշելու, ոչինչ հատուկ չընտրելու և երիտասարդության գաղտնիքի մասին: Պրոդյուսերը նաև լուսանկարներ է տրամադրել հիշարժան օրվանից:

Դիանայի խոսքով՝ օրը սկսվել է կեսգիշերին, քանի որ հարազատների ու ընկերների համար կեսգիշերին իրեն շնորհավորելն արդեն ավանդույթ է դարձել․ «Սիրում եմ կեսգիշերին նշել ծննդյանս օրը, որովհետև գիշերը, կարծես, իր մեջ ինչ-որ խորհուրդ է պարունակում, երբ այդ պահին մենակ չես լինում, հոգիդ լուսավորվում է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կեսգիշերին այդ անակնկալն ինձ պարգևում են, կողքիս են: Դա արդեն ավանդույթ է դարձել թե՛ իմ, թե՛ մայրիկիս, թե՛ երեխաներիս ծննդյան օրերին: Կեսգիշերին եկան ընկերներս, հարազատներս, եղբայրս, և ես ինձ լիարժեք զգացի: Արժևորում եմ ամեն մի պահը, այն, որ նրանք առողջ էին ու իմ կողքին՝ դրանից լավ անակնկալ լինել չի կարող»:

Դիանան սիրում է իր տարեդարձի օրը, սովորաբար, այն խնջույքով է նշում: Ըստ պրոդյուսերի՝ այս տարի նշելու ցանկություն չի ունեցել, քանի որ բոլորս կիսատ ենք, ոչինչ լիարժեք չէ:

«Կիսաուրախ ենք, երջանիկ չենք, կիսաաշխատանքային ենք, կիսալավ տրամադրությամբ, չեմ կարողանում դա փոխել իմ մեջ: Լսում եմ համաշխարհային շատ հոգեբանների, կարդում, բայց հասկանում եմ, որ չեմ կարողանում համակերպվել այն ամենի հետ, ինչ կատարվել է և շարունակում է կատարվել: Այս տարի չէի ցանկանում նշել օրը, աղջիկս և մայրս կազմակերպեցին, որովհետև բոլորն ասել էին, որ պետք է գան: Աղջիկս իմ ընկերուհին է, ինձ ժպիտ և երջանկություն պարգևողն է, շատ ժամանակ, երբ տխրում եմ, նա ինձ այդ իրավիճակից հանում է, շնորհակալ եմ իրեն:

Դուստրս այնքան հասուն է, այնքան ճիշտ խորհուրդներ է տալիս: Հենց նրա և մորս խորհուրդներին հետևելով որոշեցի նշել օրը,- ասաց նա և հավելեց, որ մտածել էր օրն աշխատավայրում անցկացնել, այն էլ օրը ոչ աշխատանքային է եղել՝ կիրակի,- Չէի ուզում նշել, բայց նշելու համար բոլոր նախապայմանները ստեղծվեցին: Հյուրերից շատերը նոր էին հաղթահարել քովիդի ծանր բեռը, շատերին վաղուց չէի տեսել, հավաքվեցինք, փորձեցինք մի պահ մոռանալ ամեն ինչ, ծիծաղել, շփվել, ուրախանալ»:

Դիանան շեշտեց, որ օրվա համար ոչինչ հատուկ չի արել: «Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր շարունակում են իրենց կյանքը, ինձ մոտ դա դեռևս չի ստացվում: Կարևորն այն էր, որ միասին հավաքվեցինք, այդ պահը վայելեցինք, մնացածն անկարևոր է, որովհետև այս կյանքը պահ է: Աշխարհն ու կյանքը ապացուցում են, որ ոչ թե կյանքը, այլ մարդիկ են որոշում, թե որքան պետք է ապրես, տանջվես, ինչ համաճարակ պետք է լինի: Եթե թեկուզ փոքրիկ միջանցք կար, պետք էր հավաքվել և շփվել, հիմա ամենաշատը դա է պետք: Սոցցանցերն ու հեռախոսները պետք է մի կողմ դնել ու շփվել հարազատների, ընկերների հետ, տալ լավն ու հետ ստանալ: Կեղծիքն ու չարիքը կյանքում այնքան շատ են, որ պետք է մի փոքր բարին տանք, չգիտենք՝ վաղը կարթնանա՞նք, թե՞ ոչ»,- նշեց նա:

Դիանայի հյուրերի թվում են եղել հարազատները, ընկերները, «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը: «Դերասանական և ստեղծագործական իմ խումբն իմ ընտանիքն է, բոլորին շատ եմ սիրում և այդ սերն անկեղծ փոխադարձ է: Միասին ենք տոնում մեր հաջողությունները, ուրախությունները, միասին ենք նաև մեր տխուր պահերին: Առանց իմ խմբի չեմ կարող, այնքան շատ եմ սիրում աշխատանքս, այդ սերը տարիների ընթացքում քառապատկվել, հնգապատկվել է, ուրախ եմ, որ նրանք միշտ կողքիս են»,- ասաց Դիանան:

Պրոդյուսերն այս տարի դարձել է 38 տարեկան։ Խոսելով իր տարիքից երիտասարդ երևալու մասին՝ նա ընդգծեց, որ միշտ աշխատանքի մեջ է եղել, երբևէ չի մտածել թրենդի մեջ լինելու, բոլորին նմանվելու մասին: «Իհարկե, ոչինչ չեմ ասում նրանց, ովքեր 20 տարեկանից փոփոխությունների են ենթարկում իրենց, դա նրանց ազատ իրավունքն է, բայց ես երբեք ոչ մի միջամտություն չեմ արել, ուղղակի սպորտով եմ զբաղվել: 16 տարեկան էի, անցկացվում էր «Միսս ուսանողուհի» մրցույթը, ինձ ևս ընտրել էին, բայց հրաժարվեցի մասնակցել, որովհետև պետք է լողազգեստով հանդես գայի, իսկ ես, իմ բարդույթներից ելնելով, հրաժարվեցի: Թեև հրաժարվեցի, այդ դեպքն իմ մեջ սպորտով զբաղվելու գեղեցիկ մշակույթ սերմանեց, այդ տարիքից սկսած միշտ մարզասրահ եմ գնում: Գալիս է պահ, որ շաբաթը մեկ կամ երկու օր եմ գնում, բայց միշտ գնում եմ, երբևէ դիետաներ չեմ պահել, ոճային կտրուկ փոփոխությունների չեմ դիմել, մազերս չեմ ներկել: Սպիտակ մազեր չունեմ, հայրիկիս եմ նման»,- ասաց նա:

Դիանան նկատեց, որ հոգով իրեն զգում է 38 տարեկան, տարիների ընթացքում իմաստությունն ավելացել է: «Տարիների ընթացքում հասկացել եմ, որ, գուցե, արտաքնապես չեմ փոխվել, բայց ներաշխարհս, մտածելակերպս է փոխվել: Գնալով սկսում ես հասկանալ, թե ինչի վրա ժամանակ ծախսել, ինչի վրա՝ ոչ: Սիրում եմ իմ տարիքն ու գոհ եմ, որ յուրաքանչյուր տարի կարողանում եմ մեկ աստիճանով բարձրանալ: Իմ ամենամեծ ձեռքբերումները երեխաներս, պատիվ-հարգանքս, աշխատանքս են. սրանք կյանքում ամենակարևոր բաներն են: Ունեմ երկու հրաշալի զավակ, ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք, որի շրջանակում դեռ շատ հետաքրքիր նախագծեր կունենամ»,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան