«1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք»․ Էդգար Իգիթյանը՝ առաջնեկի սեռը պարզելուց հետո իր ուրախության և ամուսնությունից 2 տարի անց երեխա ունենալու որոշում կայացնելու պաճառի մասին

«1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք»․ Էդգար Իգիթյանը՝ առաջնեկի սեռը պարզելուց հետո իր ուրախության և ամուսնությունից 2 տարի անց երեխա ունենալու որոշում կայացնելու պաճառի մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էդգար Իգիթյանն ու կինը՝ Լուսինե Չոբանյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը որոշել է Լուսինեի հղիության վերջին շրջանում բացահայտել լուրը․ փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսի սկզբին։ Կյանքի կարևորագույն իրադարձության մասին առաջին հարցազրույցը Էդգարը վստահել է Tert.am Life–ին։

2018–ի սեպտեմբերին միմյանց հավերժ սիրելու երդում տված զույգը հիմա երջանիկ է․ կյանքն ընթանում է ըստ պլանավորածի՝ իրենց սիրո ծնունդն առավել ամբողջական կդարձնի ընտանիքը։

«Մենք արդեն պլանավորում էինք երեխա ունենալ ու շատ ուրախ եմ, որ ամեն բան մեր ուզածով ստացվեց։ 2018–ից ենք ամուսնացած, բայց երկուսս էլ մտածում էինք, որ շտապելու ոչինչ չունենք։ Նախ՝ երկուսս էլ աշխատանքային զբաղվածություն ունեինք, երկրորդ՝ ամուսնությունից հետո մեզ համար նոր կյանք էր, նոր տուն։ Մեր կյանքում ամեն բան միասին ենք արել, ամեն բան իրար վրա դնելով ստեղծել ենք, ուզում էինք վայելել, կայանալ որպես ընտանիք։ Ամուսնությունից մոտ երկու տարի հետո որոշեցինք, որ արդեն ուզում ենք երեխա ունենալ։

Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ է պլանավորել, քան հանպատրաստից, առանց հոգեբանական պատրաստվածության գնալ այդ քայլին։ Երեխա ունենալու համար պետք է հասունացում լինի, միայն ամուսնությունով չէ։  Ըստ իս՝ զույգը պետք է գիտակցաբար մոտենա այդ հարցին։ Ամենակարևորը ցանկությունն ու պատրաստ լինելն է։ Դա շատ մեծ քայլ է, որն ամբողջությամբ կյանքդ փոխելու է»,– ասաց դերասանը։

Զգացողությունները բառերով արտահայտել Էդգարը դժվարացավ, միայն շեշտեց, որ երջանիկ է․ «Ես պատրաստ էի հայր դառնալուն, բայց մինչև իրեն չգրկեմ, չեմ կարող ասել՝ որքան էլ պատկերացնում եմ, տարբեր զգացողություններ ունեմ։ Հենց այդ պահին եմ  զգալու իրականը։ Ընթացքում արդեն զգացել եմ փոփոխություն։ Անբացատրելի բան է, երբ պատկերացնում ես, որ ձեր սիրուց ծնվում է նոր մարդ աստվածային բան է գալիս քո կյանք, որը կյանքդ լրիվ փոխելու է։ Պատասխանատվությունը մեծ է, գիտես, որ կա մի էակ, որին պիտի պաշտպանես, դաստիարակես ու ճիշտ մարդ մեծացնես։ Շատ մեծ ու պատասխանատու, բարդ, միաժամանակ, հաճելի գործ է»։

Էդգարն արդեն պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու փոքրիկը։ Ասում է՝ իր երևակայության մեջ իր և Լուսինեի միքսն է․ «Նույնիսկ երազումս եմ արդեն տեսել իրեն։ Կարծում եմ՝ իմ պատկերացումները ճիշտ կլինեն»։

Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը, բայց որոշել է գաղտնի պահել այն։ «Իհարկե, կարևորն այն է, որ երեխան առողջ լինի, սակայն շատ եմ ուրախացել այն սեռի համար, որին սպասում ենք։ Որոշել ենք անակնկալ թողնել, դրա համար չեմ բացահայտում,–  ասաց նա ու հավելեց, որ փոքրիկի անվան ընտրության հարցում էլ կողմնորոշվել են։ –Շատ հետաքրքիր ստացվեց, լրիվ այլ տարբերակներ էինք քննարկում։  1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք։ Դեռ չի ծնվել, բայց իրեն արդեն անունով եմ դիմում, երբ նկատում եմ խաղը։ Հաճախ եմ զրուցում իր հետ։ Ես զգում եմ, որ ինքն ինձ զգում է»։

Դերասանի խոսքով՝ կինը հղիության ընթացքում կամակորություններ ձեռք չի բերել։ «Լուսինեն շատ թեթև հղի է, դա փաստում է նաև բժիշկը։ Ոչ ես, ոչ էլ Լուսինեն կյանքը ծանրացնող չենք։ Երկուսս էլ ակտիվ ենք․ հատկապես այս շրջանում, երբ ազատ եմ, կարողանում եմ ժամանակ  տրամադրել, հաճախ զբոսնում ենք»։

Փոքրիկի համար գնումները մայրիկն ու հայրիկը մասամբ են արել։ Էդգարը նկատեց, որ ամեն բան կնոջ հետ համատեղ են անում, նրան միայնակ չի թողնում․«Մեր դեպքում ամեն ինչ համատեղ է։ Հնարավոր է՝ ես մի բան տեսնեմ, դուրս գա, գնեմ, բայց կարևոր բաները միասին ենք ընտրում»։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան