«Պետք է արդարացնենք հեռուստադիտողների սպասումները». Դիանա Գրիգորյանը՝ «Սարի աղջիկ» սերիալի ավարտի, վարկանիշի և նոր նախագծի մասին

«Պետք է արդարացնենք հեռուստադիտողների սպասումները». Դիանա Գրիգորյանը՝ «Սարի աղջիկ» սերիալի ավարտի, վարկանիշի և նոր նախագծի մասին

Այս օրերին նկարահանվում են պրոդյուսեր, սցենարիստ, հեռ Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալի վերջին սերիաները: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան հայտնեց, որ նկարահանումները կավարտեն մինչև այս ամսվա վերջ:

«Նկարահանումները դեռ չենք ավարտել, որովհետև աշխատում ենք ամեն դրվագի վրա: Եթե, օրինակ, եղանակը կարող է խոչընդոտել նկարահանումներին, հետաձգում ենք: Տեսարանները, հիմնականում, բաց երկնքի տակ են, բնության գրկում, քանի որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալը սկսելիս մեր հիմնական նպատակը Հայաստանը ցույց տալն էր, մենք դա արեցինք: Վերջին սերիայի նկարահանումները բացառություն չէին, կրկին պետք է բնության գրկում իրականացնեինք»,- ասաց Դիանան:

Պրոդյուսերի խոսքով՝ այնպիսի վայրերում են նկարահանումներ իրականացրել, որ յուրաքանչյուր օր զանգեր են ստանում՝ հարցով, թե որտե՞ղ են եղել։

«Զարմանալի է, որ Հայաստանում ձգտում են նկարահանումներն այլ երկրներում իրականացնել, հետադարձ հայացք չեն նետում դեպի իրենցը: Իսկ աշխարհի տարբեր կետերից շատ ռեժիսորներ Հայաստանում են նկարահանումներ իրականացնում, որովհետև մենք չնաշխարհիկ բնություն ունենք: Ես հասկացա, որ պետք է նկարահանել ու մատուցել մերը։ Երբ մեր հեռուստասերիալները վաճառվեն, այլ երկրներում կտեսնեն մերը, կցանկանան գալ ու վայելել, շրջագայել Հայաստանում»,- նշեց նա:

Ըստ Դիանայի՝ վերջին սերիաների սցենարը շատ բարդ են գրում, որովհետև ուզում են արդարացնել հեռուստադիտողների հույսերը:

«Առհասարակ, վատ մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր կերպար իր արած քայլերի համար պատճառաբանություն ունի: Եթե մարդը սխալ քայլի է դիմում, ունի իր արդարացումը: Գուցե այն մեր ճշմարտության հետ որևէ աղերս չունի, բայց այդ արդարացումը, դրդապատճառը կա, դրանք պետք է վեր հանել՝ հասկանալու, արդարացնո՞ւմ ես կերպարը, թե՞ ոչ: Որպեսզի ամեն բան դիպուկ լինի, շատ ես մտածում, ինքդ քեզ հետ երկխոսության մեջ մտնում, ուզում ես հասկանալ՝ ճի՞շտ էր, թե՞ ոչ, հեռուստադիտողն ի՞նչ կմտածի: Սա ինքնանպատակ չէ, ամեն ինչ արվում է հեռուստադիտողի համար. չէ՞ որ հեռուստատեսությունն ապահովում է լրատվություն և ժամանց, մենք այդ ժամանցն ենք ապահովում:

Եթե հեռուստադիտողներն իրենց ժամանցը մեզ են վստահել և մեկ տարի մեզ հետ եղել, պետք է արդարացնենք նրանց սպասումները: Այդ պատճառով յուրաքանչյուր բառի մեջ փորձում ենք հետաքրքիր իմաստ դնել, որպեսզի հեռուստադիտողը հասկանա՝ ինչի՞ համար դա արվեց: Վստահ եմ, որ նրանք կհասկանան, որովհետև շատ հասկացող, գրագետ և գնահատող են»,- ասաց նա:

Պրոդյուսերի նախագծերը, սովորաբար, ավելի երկարաժամկետ էին: Վերջին երկու տարում, սակայն, նա նախագիծն ավարտում է 1 տարում։ Դիանան ընդգծեց, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի ավարտի պատճառը վարկանիշը չէ:

«Մեկնարկից սկսած՝ «Սարի աղջիկ»-ը Հայաստանում վարկանիշով առաջին տեղում է եղել: Հիմա ֆուտբոլային հանդիպումներ են սկսվելու, որոնք ցուցադրվելու են «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Ունեինք երկու ընտրություն՝ դադարեցնել հեռուստասերիալն ու շարունակել մեկ ամսից կամ ավարտին հասցնել: Ընտրեցի երկրորդ տարբերակը՝ ավարտել և նոր նախագիծ սկսել»,- նշեց նա:

Պրոդյուսերը պատմեց, որ մի քանի ամիս է, ինչ մտածում է նոր նախագծի մասին, որն այլ հարթության վրա է լինելու, բայց շատ փակագծեր բացել դեռ չցանկացավ:

«Այս պահին հնարավորություն չունեմ անելու այն, ինչ ուզում եմ, որովհետև դրա համար մեծ ֆինանս է հարկավոր։ Այդ իսկ պատճառով այս ձևաչափում ուզում եմ իմ սրտից մի փոքր մասնիկ գոնե ներդնել: Երանի լինի, ստացվի, կարողանանք անել այն, ինչ ուզում ենք: Նախագիծը Հայաստանի համար նորություն է լինելու: Ես գիտեմ թափառող և վարկանիշ բերող սյուժեները, բայց չեմ ընկնում դրանց հետևից, որովհետև գալիս է պահ, երբ չես կարող նույն դերասանական կազմով նույնը տալ միայն այն բանի համար, որ այն հաղթող կլինի: Յուրաքանչյուր բան, եթե լավ անես, կկարողանաս հեռուստադիտողին գրավել: Պետք է փորձել, խիզախել ու չվախենալ»,- ասաց նա: 

Դիանան նաև նկատեց, որ իրեն շատ են հարցնում, թե ինչո՞ւ գեղարվեստական ֆիլմ չի նկարահանում: «Ինձ համար գեղարվեստական ֆիլմ նկարահանելը կամ գեղարվեստական աշխատանք ադապտացնելը շատ կարևոր է: Վախենում եմ դիպչել գործերին ու ֆիլմեր նկարահանել, որովհետև դրա համար մեծ ֆինանսներ են պետք: Հասկանում եմ, որ կարող եմ անել այն, ինչ մատուցվում է մեզ մոտ, բայց ես խոշորացույցով եմ նայում, ուստի՝ լրջագույնս եմ մոտենում հարցին: Իմ հնարավորության սահմանում պիտի փորձեմ սրտիս փոքրիկ նմուշները, համեմունքները ներդնել դրա մեջ: Գուցե այս տարի ստացվի նկարահանել այն սցենարով, որը գրել եմ գեղարվեստական ֆիլմի համար»,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան