Իրանի նախագահը խոսել է Հայաստանի համար կարևոր օդանցքի մասին

Իրանի նախագահը խոսել է Հայաստանի համար կարևոր օդանցքի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցող բանակցությունում, որտեղ արևմտյան երկրները Իրանի հետ քննարկում են միջուկային ծրագրի շուրջ կարգավորման գործընթացի հեռանկար, ձեռք է բերվել պատժամիջոցների որոշակի չեղարկման համաձայնություն: Իրանի նախագահը հայտարարել է, որ մայիսի 19-ի բանակցության արդյունքում համաձայնությունը կա, մնացել է մի քանի կետի հստակեցում:

Վիեննայի գործընթացը միտված է ըստ էության ամերիկա-իրանյան հարաբերության այն աստիճանի վերականգնմանը, որ արձանագրվեց Օբամայի վարչակազմի քաղաքականության արդյունքում և որը չեղարկեց Թրամփը: Այդ հեռանկարը կամ խնդիրը ունի էական հակառակորդներ, սկսած ԱՄՆ դաշնակից Իսրայելից, մինչև Հայաստանի դաշնակից Ռուսաստան, իսկ Թուրքիան՝ վրադիր, կամ ներդիր:

Միևնույն ժամանակ, ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման միտումն որ որոշակկի նոր ստատուս-քվոյի հաստատումը այդ տիրույթում, Հայաստանի համար կարող է դառնալ ռեգիոնալ կարևոր՝ եթե ոչ դուռ, ապա առնվազն օդանցք, որը թույլ կտա շնչել նոր իրավիճակում, որտեղ Հայաստանի «թոքերը» սեղմվել են Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմի և տարածքների կորստի ռազմա-քաղաքական հետևանքով:

Վիեննայում ըստ էության բացվում է, կամ նշմարվում է այդ օդանցքի բացման հեռանկարը, ինչի մասին խոսում է Իրանի նախագահ Ռոհանին: Միևնույն ժամանակ ուշադրությունից դուրս չպետք է թողնել և այն, որ հունիսին Իրանում նախագահի հերթական ընտրությունն է, որտեղ Հասան Ռոհանին այլևս չունի առաջադրվելու հնարավորություն: Այդ ընտրությանը սպասվում է պահպանողական թեկնածուի հաղթանակ:https:

Չի բացառվում, որ Վիեննայի բանակցության համաձայնությունները թելադրված են նաև հենց այդ հանգամանքով, որպեսզի այդպիսով դրական ազդեցություն ունենան Իրանի գործադիր իշխանությունը ներկայումս տնօրինող ռեֆորմիստների թևի քաղաքական հեռանկարի համար:

Այլ կերպ ասած, Հասան Ռոհանիի հայտարարությունը կարող է պարունակել նաև ներքաղաքական շահերով թելադրված մոտիվներ կամ երանգներ: Սակայն, բոլոր դեպքերում, ամերիկա-իրանյան հարաբերության լիցքաթափման որևէ աստիճան և կարգավորման միտում Կովկասի, մասնավորապես սեղմված Հայաստանի համար ունի օդանցքի այդ նշանակությունը:

Դժբախտաբար, Հայաստանը խոշոր հաշվով չունի այն ընդլայնելու կամ դրա բացումն արագացնելու ռեսուրս, հնարավորություն, ազդեցություն: Եվ մեծ հաշվով, նոր իրողություններն ու Ռուսաստանի վերաբերմունքը հաշվի առնելով, Երևանի համար անգամ օդանցքից շնչելու հնարավորությունն է թվում սուղ:

Սակայն, նվազագույնը դա պետք է անել, պետք է գտնել դա անելու հնարավորությունը, այդ թվում իհարկե նաև Ռուսաստանի հետ որոշակի աշխատանքով, որովհետև բոլորովին ռացիոնալ չէ դիտարկել այդ հեռանկարը Ռուսաստանի հետ դիմակայությամբ: Առավել ևս այն իրավիճակում, որ կա Սյունիքի շուրջ և որտեղ միանգամայն պարզ է Ռուսաստանի դերը, այդ թվում նաև ամերիկա-իրանյան կարգավորումից մեղմ ասած չոգևորված Թուրքիայի հետ Մոսկվայի գործակցության պատրաստակամության պայմաններում:

Նյութի աղբյուր – 1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան