«Մեզ չձերբակալեցին միայն, որովհետև ունեինք թույլտվություն». Ելենա Արշակյանը` Եգիպտոսում նկարահանումների, Կարեն Ասլանյանի և Եվա Բաղդասարյանի համբույրի տեսարանների և դերասանների վարքագծի մասին

«Մեզ չձերբակալեցին միայն, որովհետև ունեինք թույլտվություն». Ելենա Արշակյանը` Եգիպտոսում նկարահանումների, Կարեն Ասլանյանի և Եվա Բաղդասարյանի համբույրի տեսարանների և դերասանների վարքագծի մասին

Պրոդյուսեր Ելենա Արշակյանն իր 2 նախագծի` «Ծաղիկներ ձյան տակ» և «Օջախի երգը» սերիալների անձնակազմերի հետ մեկնել էր Եգիպտոս` նկարահանումների։ Վերադարձից հետո Ելենան հարցազրույց է տվել Tert.am Life-ին ու պատմել բարդ նկարահանումների, դերասանների վարքագծի ու կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագների մասին։

«Դեռ տպավորությունների տակ ենք, բայց շատ հոգնած,- ասաց Ելենան ու հավելեց, որ Եգիպտոսում նկարահանումներ իրականացնելը շատ բարդ է։ -Մեզ համար ամեն ինչ նախապատրաստվել էր. մեկնել էինք նկարահանումների` նախապես ունենալով բոլոր թույլտվությունները, սակայն մեկնում էինք մի երկիր, որտեղ շատ բարդ են նկարահանումները։ Ամեն ինչ մանրամասն ստուգել են և՛ գնալուց, և՛ գալուց։ Բավականին երկար ժամանակ ենք անցկացրել անվտանգության աշխատակիցների հետ»։

Ելենայի հետ մեկնել էին «Օջախի երգից» Կարեն Ասլանյանն ու Եվա Բաղդասարյանը, «Ծաղիկներ ձյան տակից» Նորայր Եղյանն ու Ռոմելա Սարգսյանը։

«Օրերը մեծ մասամբ միասին ենք անցկացրել։ Երբ նկարահանում էինք «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալը, օգնում էին «Օջախի երգի» դերասանները և հակառակը։ Սկսած ջուր հասցնելուց, վերջացրած այլ հարցերով շատ հոգատար էին իրար նկատմամբ։ Շատ կարևոր է իմանալ, որ ունես ընկեր, որը քեզ օգնում է։ Դեռ օդանավակայանում դերասաններին առաջարկեցինք դուրս գալ առանց խմբի, որպեսզի չհոգնեն լրացուցիչ ստուգումներից, սակայն բոլորը միաբերան ասացին, որ կսպասեն մեզ հետ։ Իսկ սպասելը բավականին երկար ու հոգնեցուցիչ էր։ Սրանք գուցե մանրուքներ են, բայց խոսում են մարդ տեսակի մասին»,- ընդգծեց Ելենան։

Պրոդյուսերը հայտնեց, որ «Օջախի երգից» ընտրվել են Կարենն ու Եվան, քանի որ սցենարային զարգացումներն էին այդ գծով գնում։

Ելենան իր հետ մեկնած կազմից միայն Եվայի հետ էր առաջին անգամ աշխատում, սակայն հաճելիորեն է բացահայտել նրան. «Եվա Բաղդասարյանն ինձ համար բացահայտում էր։ Լրիվ այլ կողմով եմ ճանաչել իրեն. ամեն ինչով մեզ օգնում էր, շատ ուշադիր էր բոլորի հանդեպ»։

Անձնակազմի սոցիալական ցանցերի էջերից կարելի է ենթադրել, թե մի լավ հանգստացել են, մինչդեռ Ելենան պատմեց, որ աշխատել են շատ խիտ գրաֆիկով, վերջին օրը ժամը 23։20 ավարտել են նկարահանումները, ժամը 23։30 շարժվել դեպի օդանավակայան։

Բացի այդ, խնդիրներ են առաջացել Եգիպտոսի տուրիստական ոստիկանության հետ։

«Առաջին օրը պետք է նկարահանեինք Կարենի և Եվայի տեսարանները։ Ծրագրում էինք առավոտյան 6-ին սկսել նկարահանումները, սակայն խնդիրներ եղան Տուրիստական ոստիկանության աշխատակիցների հետ։ Մեզ չձերբակալեցին միայն, որովհետև ունեինք նկարահանումների թույլտվությունները։ Եղան խնդիրներ, որոնք չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև մեզ հետ կապ չունեին։ Ամեն դեպքում` մոտ 7-8 ժամ սպասել ենք մինչև թույլտվության վերահաստատումը։ Մոտ մեկուկես ժամ էլ աշխատակիցները բացատրական աշխատանք են տարել ինձ հետ այն մասին, որ իրենք շատ ուրախ են մեզ տեսնել իրենց երկրում, բայց կան բաներ, որոնք անելու իրավունք մենք չունենք։ Իրենք մեր մասին գիտեին ամեն ինչ` մեզնից ով երբ ու ինչքան ժամանակով է եղել Եգիպտոսում։ Դա այդ պահին մի քիչ նյարդայնացրեց ինձ, քանի որ գրաֆիկից հետ էինք ընկնում, օրերը հաշված էին, բայց ես հասկանում եմ, որ իրենք ճիշտ են, որ շատ հետևողական են իրենց երկրի ավանդույթներին ու արժեքներին։ Մենք, ի վերջո, ունեցանք նախատեսված նկարահանումները, քանի որ չէինք ոտնահարում դրանք»,- պատմեց նա` չմանրամասնելով բուն խնդիրը։

Կարենն ու Եվան նախագծում ունեն նաև համբույրի տեսարաններ։ Ըստ Ելենայի` սա ի սկզբանե հարցեր չի առաջացրել դերասանների հետ։

«Բոլոր դերասանները գիտեն, որ զույգի կամ սիրային տեսարաններ խաղալու դեպքում համբույրի տեսարանը պարտադիր է։ Ամեն դերասան ինքն է որոշում` նկարահանվե՞լ, թե՞ ոչ։ Ես չեմ վատաբանում դերասաններին, որոնք հրաժարվում են այդ տեսարաններից, բայց իմ նախագծերում չեմ ներգրավում այնպիսի դերով, որն ունենալու է դրա կարիքը։

Մի անգամ քասթինգի ժամանակ դերասանուհիներից մեկին հարցրեցինք` համբույրի տեսարաններում նկարահանվո՞ւմ եք, պատասխանեց` ես արտիստ եմ։ Սա լավագույն պատասխաններից էր։ Իհարկե, կա նաև հակառակը, ունեցել ենք մառազմի հասնող խոսակցություններ. դերասանուհիներից մեկն ինձ հարցրեց` համբույրը քանի՞ վայրկյան է տևում, քանի որ ամուսինս դեմ է։ Զարմացել էի` այսինքն` 4 վայրկյանին համաձայն է, 6 վայրկյանին դե՞մ։ Մոտեցումները տարբեր են, ինձ համար կարևորը հեռուստադիտողին լավ պրոդուկտ տալն է»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան