Փետրվարի 16-ից տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի պարտադիր գազաբալոնների ճնշափորձարկում անցնելու դեպքում

Փետրվարի 16-ից տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի պարտադիր գազաբալոնների ճնշափորձարկում անցնելու դեպքում

Փետրվարի 16-ից գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի միայն փորձաքննություն անցնելու և դրանց տեղադրման լիցենզիա ունենալու դեպքերում: Այժմ գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունները սպասում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիզենզավորման և թույլտվության վարչության հավաստագրերի տրամադրմանը, որից հետո միայն կկարողանան  ճնշափորձարկման ենթարկել ավտոմեքենաների գազաբալոնները:

Ճնշափորձարկման լաբորատորիաներին գործարկման թույլտվություն տրամադրելուց առաջ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման և թույլտվության վարչության աշխատակիցները ստուգայցեր են կատարում։ Ստուգում են տեղամասի հագեցվածությունը, ճնշափորձարկման սարքերի աշխատանքն  ու  լաբորատորիայի տարածքի հարմարավետությունը։

Շիրակի մարզից  լիցենզիա ստանալու համար  ամբողջական փաստաթղթերով դիմել են դեռ երկու  ընկերություններ՝ մեկը Գյումրիից, մյուսը՝ Արթիկից: Մասնագիտական  ստուգայցից և եզարակացություններից հետո  ընկերություններին լիցենզիայի տրամադրման  կամ  մերժման համար սահմանված է 23 աշխատանքային օր:

Լիցենզավորված գործունեություն սկսելու համար ամբողջ Հանրապետությունից առայժմ նախարարություն են դիմել ընդամենը 10 ընկերություններ։ Գործընթացը երկարատև չէ, տևում է մինչև 40 րոպե, իսկ ավտոմեքենան լաբորատորիա բերելու անհրաժեշտություն չկա։

«Մեքենան պարտադիր չէ, որ լինի  լաբորատորիայում, այսինքն՝ քանդման պրոցեսին պարտադիր չէ գտնվի  տեղամասում։ Այնպես մի պատկերացրեք, որ 70 կամ 30 ավտոմեքենա պետք է միաժամանակ կանգնեն  լաբորատորիայում ու  կուտակումներ առաջանան, գազաբալոնն է փորձաքննվելու միայն»,- նշում է Գյումրիում գործող գազաբալոնների տեղադրման և ճնշափորձարկման ընկերության  բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգյանը։

Մինչ այդ և երկար տարիներ տրանսպորտային միջոցների վերասարքավորմամբ և գազաբալոնների տեղադրմամբ զբաղվել են տարբեր անհատներ ու չլիցենզավորված ընկերություններ։ Պահանջը չի վերաբերում այն մեքենաներին, որոնցում  գազաբալոնները տեղադրել են հավատարմագրված ընկերություններ։

Ճնշափորձարկում անցնելուց հետո տրանսպորտային միջոցների տվյալները մուտքագրվելու է նոր ստեղծվող միասնական շտեմարան, որի տվյալներից  կօգտվեն ճանապարհային ոստիկանությունը, ապա գազալցակայանները։ Առանց փաստաթղթի մեքենան գազով լցավորելն արգելվելու է:

«Գազալցակայանները ցանկացած մեքենա պետք է լցավորեն միայն շտեմարանի տվյալների հետ համադրելուց և դրական եզրակացությունը  շտեմարանից ստանալուց հետո։ Մեծ տուգանքներ են սահմանված այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք էս օրենքները կխախտեն։ Բացի շտեմարան մուտքագրելուց, նաև մեքենայի վարորդին տրամադրվում է թղթային հավաստագիր, որ տվյալ մեքենայի գազաբալոնը վկայագրված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՏԿԵՆ լիցենզավորման և թույլտվության վարչության բաժնի  պետ Արայիկ Ստեփանյանը։

Հայտ ներկայացրած որոշ ընկերությունների լաբորատորիաները դեռ չեն համապատասխանում պահանջվող նորմերին, ստուգումների գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, ինչը հնարավոր է երկարաձգի պարտադիր պահանջի կիրառումը։ Վերջնական հստակեցումներից հետո նախարարությունը կհրապարակի լիցենզավորված կազմակերպությունների ցանկը և սպասարկման  սակագինը, ըստ նախնական տվյալների, մեկ գազաբալոնի ճնշափորձարկումը կարժենա 9000 դրամ։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան