Ի՞նչ իրավիճակ է ուկրաինական ռազմադաշտում․ պատերազմի 148-րդ օրվա հիմնական մանրամասները

Ի՞նչ իրավիճակ է ուկրաինական ռազմադաշտում․ պատերազմի 148-րդ օրվա հիմնական մանրամասները

Ուկրաինական առաջնագծում իրավիճակի մասին հերթական վերլուծությունն է հրապարակել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։ Ըստ փորձագետների՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական ուժերը լուրջ առաջխաղացում չեն ունեցել դեպի Սլավյանսկ կամ Սլավյանսկ-Բախմուտ ուղղությամբ և շարունակում են հարձակողական հզորությունը վատնել անկարևոր բնակավայրերի համար տեղական նշանակության մարտերի վրա։ Ըստ վերլուծաբանների՝ հուլիսի 3-ին Լիսիչանսկի գրավումից հետո ռուսական բանակը փորձում է գրավել Սևերսկը, սակայն այն դեռ գտնվում է ուկրաինական հսկողության տակ։

Բրիտանիայի հետախուզությունը նույնպես հայտնել է, որ ռուսական ուժերը Դոնբասի առաջնագծում շարունակում են փոքրամասշտաբ հարձակումներ իրականացնել, և ամենայն հավանականությամբ, մոտենում են Ուգլեգորսկի ջերմաէլեկտրակայանին, որը մեծությամբ երկրորդն է Ուկրաինայում։

Առաջնագծում տիրող իրավիճակի մասին է հայտնել նաև Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն։

«Հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել Ուգլեգորսկի ջերմաէլեկտրակայանը գրավելու նպատակով։ Դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Սլավյանսկի ուղղությամբ գնդակոծվել են Դուբրովնոյեն, Կրասնոպոլյեն, Չեպիլը և մի շարք այլ բնակավայրեր։ Կրամատորսկի ուղղությամբ հակառակորդը հրետակոծել է Կրամատորսկը, Սևեռսկը, Գրիգորովկան, Զվանովկան և Սպորնոյեն։ Խարկովի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է հասցրել փողային և ռեակտիվ հրետանուց»,- առավոտյան տեղեկագրում հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Խարկովի մարզի ղեկավարն իր հերթին հայտնել է Խարկով քաղաքի գնդակոծության մասին, որի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել, 20-ից ավելին՝ վիրավորվել։ Ըստ Խարկովի քաղաքապետի՝ հարվածի տակ է հայտնվել քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածներից մեկը։

Ուկրաինական կողմին հասցված հարվածների մասին հայտնել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին շարունակում են հարվածել Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտներին։ Մեկ օրում խոցվել է կառավարման 9 կետ, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի 6 պահեստ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիայի կողմից Կրամատորսկի շրջանում խոցվել է Սու-25 ինքնաթիռ։ Բացի այդ, հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է Մի-8 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք»,- տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» համակարգերից հարվածել են Յասինովատայա քաղաքին։ Վաղ առավոտյան ուկրաինական կողմից հարվածել են նաև Դոնեցկի Դոլոմիտնոյե, Ելենովկա և Դոլյա բնակավայրերին։ Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 3 խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական հարվածներից։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան