«Այժմ միշտ շտապում եմ տուն աղջկաս մեկ վայրկյան շուտ տեսնելու համար». Բեն Ավետիսյանը՝ առաջնեկի, նպատակների, նախորդ տարվա և 2023-ի երազանքների մասին

«Այժմ միշտ շտապում եմ տուն աղջկաս մեկ վայրկյան շուտ տեսնելու համար». Բեն Ավետիսյանը՝ առաջնեկի, նպատակների, նախորդ տարվա և 2023-ի երազանքների մասին

Դերասան Բեն Ավետիսյանը, որն ընտանիքի հետբնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այնտեղ դեռևս մեկ հեռուստասերիալում է նկարահանվել, բայց Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում Բեն Ավետիսյանը մեդիադաշտի հեռուստասերիալներում գլխավոր հերոսի կերպարում էր: Այս տարի լույս աշխարհ է եկել դերասանի առաջնեկը:

Tert.am Life–ը սկսում է «2023-ը՝ նոր սկիզբ» խորագիրը, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների 2022-ի ամփոփումը, տարվա վայրիվերումները, ձեռքբերումները, ինչպես նաև 2023-ի նպատակներն ու բարեմաղթանքները Tert.am Life–ի ընթերցողներին: 

– 2022-ին լույս աշխարհ եկավ Ձեր առաջնեկը, պատմե՛ք Ձեր հույզերի և նոր կարգավիճակի մասին, ինչպի՞սի զգացողություններ ունեք երիտասարդ հայրիկի կարգավիճակում։

Այո, լույս աշխարհ եկավ իմ աղջիկը և, կարելի է ասել, իմ կյանքն ամբողջովին փոխվեց: Այժմ միշտ շտապում եմ տուն աղջկաս մեկ վայրկյան շուտ տեսնելու համար, կյանքս իմաստնացել է, անբացատրելու լավ ու հիանալի զգացողություններ ունեմ, որոնք մինչև հրեշտակիս ծնվելը նախկինում երբեք չէի ունեցել: Երիտասարդ հայրիկ լինելը միանշանակ հաճելի փաստ է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվությամբ լցված է ամեն րոպեն: Չգիտեմ՝ բառերով ինչպես բացատրեմ՝ ինչ եմ զգում և զգացել: Միայն կարող եմ ասել՝ աղջիկս ինձ հետ պատահած ամենալավ բաներից էր: 

– Ինչպիսի՞ն է կյանքը ԱՄՆ-ում, որքանո՞վ է կյանքը տարբերվում Հայաստանից, կարո՞ղ եք ասել, որ «հարմարվել եք» միջավայրին:

Միացյալ Նահանգներում կյանքը շատ տարբեր է Հայաստանից․ այստեղ ամենակարևորն այն է, որ այլ տեմպի տակ ես և կյանքի ձևաչափն այլ է: Կունենայի հարմարվելու խնդիր, եթե մտածեի, որ մշտական եմ այստեղ մնալու, բայց, քանի որ գիտեմ՝ վերադառնալու եմ, փորձում եմ չկենտրոնանալ կարոտի գաղափարի վրա, որպեսզի կարողանամ այստեղ լիարժեք լինել, բայց միանշանակ անասելի կարոտում եմ հայրենիքս: ԱՄՆ-ն մեծ հնարավորությունների երկիր է, որտեղ անդադար մրցակցություն է, և դու պետք է մրցակցությանը համընթաց քայլես՝ ամեն օր աշխատելով և մրցելով:

-2022-ը կադրից այս կողմ, ինչպիսի՞նն էր տարին Ձեզ համար մասնագիտական տեսանկյունից: Տեղյակ եմ, որ այժմ նկարահանվում եք նոր նախագծում:

-Տարին մասնագիտական տեսանկյունից այնքան էլ զբաղված չէր, քանի որ նկարահանվել եմ մեկ հեռուստասերիալում, որի նկարահանումները կայացել են այստեղ․ նախագիծը տևեց 2 ամիս: Հիշելով ինձ Հայաստանում՝ ամբողջ տարին զբաղված էի լինում բուն մասնագիտական աշխատանքով, բայց 2022-ին մասնագիտական աշխատանքը քիչ էր: 

-Ո՞րն է եղել տարվա ամենաստացված նախագիծը Ձեզ համար:

-Նշեցի, որ նկարահանվել եմ մեկ նախագծում, որը բաղկացած է 36 մասից, մենք նկարահանումներն ավարտել ենք, իսկ հեռուստասերիալն արդեն հասանելի է հեռուստադիտողին: 

-2022-ի ամենահաճելի հիշողությունը:

-2022-ի ամենահաճելի հիշողությունն ու պահն առաջին անգամ աղջկաս տեսնելն էր: 

-2022-ի ամենաբարդ փուլը:

-Տարին բարդ էր սկսվել, քանի որ հենց ամենասկզբում ես իմ տանից ու ընտանիքից հեռու էի: 

-Որո՞նք են 2023-ի նպատակները:

-2023-ի նպատակները շատ են: Սպասվում են մասնագիտական շատ կարևոր նորություններ: Աստված առաջ, հույս ունեմ՝ շուտով կխոսեմ այդ մասին: 

-2023-ի ամենամեծ երազանքը:

-Ամենամեծ երազանքը հայրենիքիս խաղաղությունն է: Երազում եմ՝ Արցախի բնակչությունը վերադառնա իր առօրյա կյանքին և ապրելակերպին: Խաղաղություն և միայն խաղաղություն եմ երազում, որ հաստատվի իմ երկրում: 

-Ինչի՞ սկիզբ է լինելու 2023-ը:

-Լինելու է ձեռքբերումների տարի և 2023-ին ես ունենալու եմ իմ բնակարանը, որն իմ ուժերով եմ ստեղծել: Լինելու է աշխատանքային թեժ տարի: 

-Եվ վերջում բարեմաղթանք Բեն Ավետիսյանի կողմից: 

-Ուզում եմ շնորհավորել ընթերցողներիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով նրանց խաղաղություն ու կապույտ երկինք: Թող լինեն առողջ, քիչ ջղայնանան, շատ ժպտան, սիրեն: Ես էլ բոլորին շատ սիրում եմ: Սիրով՝ Ձեր Բեն Ավետիսյան: 

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան