Գյումրեցի մարզիկները оլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 2021-ին նվաճել են 80 մեդալ

Գյումրեցի մարզիկները оլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 2021-ին նվաճել են 80 մեդալ

Շիրակի մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի մարզական տարին։ Մարզադպրոցների տնօրեններն ու մարզիչները ընտրել են մեծահասակների, երիտասարդների ու պատանիների տարիքային խմբերում հաջողություններ գրանցած ու մեդալակիր լավագույն մարզիկների 10-նյակները։

2021 թվականը մարզական հարուստ ավանդույթներով քաղաքի համար գնահատվում է  բեկումնային։ 2020-ին համավարակի պատճառով  միջազգային մրցաշարեր, Եվրոպայի ու Աշխարհի  առաջնություններ չանցկացվեցին։ Այս տարվա ընթացքում տարբեր սպորտաձևերում հանդես եկած գյումրեցի մարզիկները Հայաստան են բերել 80 մեդալ՝ գերակշռողը չեմպիոնական  ոսկին է։

«Ընդհանուր առմամբ՝ գյումրեցի մարզիկները նվաճել են 80-ից ավելի մեդալներ, մրցումները եղել են բազմաշերտ՝ օլիմպիական խաղեր, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, անակային մարզիկների աշխարհի առաջնություններ, այս տարի անցկացվեցին նաև առաջին անգամ ԱՊՀ երկրների մարզական խաղեր, և թվարկած բոլոր մարզական միջոցառումներին լավագույնս են հանդես եկել մեր մարզիկները ՝ նվաճելով տարբեր հարգի մեդալներ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցի մարզիկներն այս տարի միջազգային ու հանրապետական առաջնություններում նվաճել են 30 մեդալ, սա մարզադպրոցի տնօրինությունը համարում է բարձր ցուցանիշ։ Աթլետիկայի մարզադպրոցից բացի,  լավագույնը ճանաչվեցին ևս չորս մարզադպրոցներ, որոնց մարզիկները միջազգային հարթակներում ցուցաբերել են լավագույն արդյունքներ, նվաճել են ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ։ Տարեվերջին բոլոր 28 մարզադպրոցների տնօրեններն ու  մարզիչները միասին  ընտրեցին լավագույն  մարզիկներին․ առաջինը հայտարարվեց  մեծահասակների  տասնյակը։

«Մեծահասակների տասնյակը քվեարկության արդյունքում ունեցավ այսպիսի տեսք՝ Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Բաչկով, Դավիթ Չալոյան, Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան, Սամվել Գասպարյան, Գրիգոր Մխիթարյան, Երվանդ Մկրտչյան, Մակար Թամրազյան»,- քվեարկության ամփոփ տվյալները ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի աշխատակից Նորիկ Սարգսյանը։

Այնուհետ քվեարկությամբ հայտնի դարձան  նաև երիտասարդ ու պատանի մարզիկների լավագույն տասնյակները։ Նշենք նաև, որ այս տարվա Հայաստանի լավագույն 10-յակում  5-ը  գյումրեցիներն են։

Հաջորդ տարին բոլորի համար լինելու է  ավելի պատասխանատու։ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ՝ 2022-ը բոլոր մարզաձևերի  համար օլիմպիական վարկանիշներ  նվաճելու տարի է։ Ի դեպ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, 2024 թվականի Օլիմպիադայում նախկին 7 քաշային կարգերի փոխարեն կանանց ու տղամարդկանց հավաքականները կմրցեն 5 քաշային կարգերում։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան